2 դեկտեմբերի 2015 - 19:01 AMT
Քոչարին ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու հայտը քննարկվել է

Նոյեմբերի 30-ից Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում իր աշխատանքն է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանը: Կոմիտեն, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու համար ներկայացված 35 հայտ, որոնց թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի` «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը:

Հայաստանյան պատվիրակության ներկայացրած փաստարկների շնորհիվ կոմիտեն վերանայել է փորձագիտական խմբի նախնական որոշումը: Կոմիտեի անդամների, փորձագետների և ՀՀ պատվիրակության անդամների միջև ծավալված քննարկումների արդյունքում` կոմիտեն հաստատել է, որ Քոչարի ավանդական խմբապարը, լինելով ազգային ինքնության դրսևորում, տարածված է Հայաստանում և Սփյուռքում: Հայաստանը լրամշակված հայտը կներկայացնի կոմիտեի հետագա քննարկմանը:

Քոչարին Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է։ «Քոչ» արմատը ըստ երևույթին կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի-խոյի գոչ, ղոչ և խոչ անվանումների հետ։ Ղոչ գոյական անունից առաջանում է ղոչաղ ածականը՝ համարձակ, խիզախ, քաջ։

Քոչարի պարատեսակի ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել, կոնսերվացվել են հնագույն շարժումների արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը, խոյերի ու այծերի, պոզահարման, այծամարդու շարժումները, ինչպես մինչև այժմ պահպանվել է հայոց լեզվի հնագույն արմատները։ Շարժումների նմանակումն առավել վառ արտահայտված է առաջ սրընթաց հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, ասես կտրուկ թափ առնելու և ծնկները կտրուկ շտկելու, իրանն առաջ թեքելով, ասես ախոյանին (ոսոխին) պոզահարելու համար։