3 դեկտեմբերի 2015 - 14:05 AMT
Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումներ՝ Նիդերլանդների խորհրդարանում

Նիդերլանդների խորհրդարանում տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին պարբերաբար սրվող իրավիճակին նվիրված լսումներ: Լսումները նախաձեռնել էր Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Պիետր Օմտզիգտը: Լսումներին մասնակցող պատվիրակության կազմում էր «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Լսումներին մասնակցել են նաև հոլանդացի այլ քաղաքական գործիչներ :

Օմտզիգտը հրավիրել էր Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) պատվիրակությանը՝ հետևելով Լեռնային Ղարաբաղում վերջերս արձանագրված լարումների վերաբերյալ FAON-ի ուղարկած նամակին: Պատվիրակության կազմում էին Ինգե Դորստը և Մաթո Հախվերդյանը (FAON), ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը և «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:

Լսումներին նախորդել էին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած սրացումները: Սեպտեմբերին երեք կին է զոհվել, երբ ադրբեջանական բանակը հրետակոծում էր ՀՀ սահմանամերձ բնակավայրերը: Զուգահեռաբար, արձանագրվել էին հրադադարի պարբերաբար խախտումներ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում: Միջազգային հանրության համար մտահոգիչ է նաև, որ շարունակաբար կիրառվում են մեծ տրամաչափի զինատեսակներ:

Իր ելույթում Դորստը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակի համապատկերը՝ անդրադառնալով վերջին տարիների պատմությանը: Նա դիմել է Նիդերլանդների խորհրդարանին՝ հորդորելով աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումները սահմանափակող հստակ միջոցներին և վերահաստատել ռազմական թեժ գիծ: Տիկին Դորստը կոչ է արել հոլանդացի պատգամավորներին՝ այցելել Լեռնային Ղարաբաղ և ջանքեր գործադրել, որ ԼՂ հանրությունն իր տեղն ունենա բանակցային սեղանի շուրջ:

Այնուհետև, ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան իր ելույթում ներկայացրել է, թե ինչպես է «Հայաստանի եվրոպացի բարեկամները» կազմակերպությունը մշտապես Եվրոպական խորհրդարանի և ԵՄ այլ կառույցների ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղի վրա: Նա խոսել է նաև ԵԽ փոխնախագահի և բազմաթիվ այլ պաշտոնյաների՝ ԼՂ կատարած այցերի, ինչպես նաև վերջերս հրադադարի խախտման վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների կոշտ արձագանքների մասին: «Մեզ համար շատ կարևոր է մեր ներդրումն ունենալ այս լսումներին և մենք շնորհակալ ենք Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիային՝ այս հնարավորության ընձեռման համար: Ազգային խորհրդարանները և դրանց անդամները կարող են կարևոր դերակատարություն ունենալ, և նրանց աջակցությունը այս հարցի խաղաղ կարգավորման գործընթացում չափազանց անհրաժեշտ է: Մենք հուսով ենք, որ Հոլանդիայի խորհրդարանը կաջակցի հրադադարի խախտման դեպքերը բացառող միջոցների կիրառմանը: Ես վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լավագույնս կգնահատի սա»,- ասել է ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական սահմանին գոյություն ունեցող պատկերը: Նա ընդգծել է, որ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը առաջնային կարևորություն ունի հակամարտության կարգավորման համար և նկատել. «Միջազգային հանրությունը վճռականորեն պետք է արտահայտվի հրադադարի խախտման մասին և դատապարտի հանցագործին: Կողմնակալ բանաձևերը, ինչպես օրինակ ԵԽԽՎ-ի բանաձևը, վնասում են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ուստի, ես ուրախ եմ իրազեկել հոլանդացի պատգամավորներին այս թեմայի շուրջ: Հուսանք, որ նրանք կաջակցեն Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական հետագա գործընթացներին››:

Լսումներին ներկա էր նաև հոլանդացի պատգամավոր Հարի Վան Բոմմելը, որը անձամբ եղել է Հայաստանում: Թե՛ պարոն Վան Բոմմելը, և թե՛ պարոն Օմտզիգտը հարցրել են Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) պատվիրակությանը՝ ինչպես Հոլանդիայի խորհրդարանը կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղում խաղաղությանը պահպանմանը: ‹‹Մենք պետք է վստահ լինենք, որ յուրաքանչյուրն իր մասնակցությունը ունի սեղանի շուրջ՝ Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի հանրությունը, քանի որ երբեմն թվում է, որ վերջիններիս մասին մոռացվում է հակամարտության մասին խոսելիս››,- նշել է պարոն Օմտզիգտը:

Երկար տարիներ Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) բավականին ակտիվ է եղել հոլանդացի պաշտոնյաների հետ համագործակցելու և Լեռնային Ղարաբաղը նրանց ուշադրության կենտրոնում պահելու հարցում: