3 դեկտեմբերի 2015 - 16:48 AMT
Հիպոթերապիայի անվճար ծրագիր հաշմանդամություն ունեցող երեխաների համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ

Դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երևանի կենդանաբանական այգում հյուրընկալել էին համատեղ իրականացվող հերթական ծրագրի` այգում անցկացվող հիպոթերապիայի մասնակից` հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ծնողներին:

Դեռևս հունիս ամսին Երևանի կենդանաբանական այգու տարածքում առաջին ներառական խաղահրապարակի բացումով մեկնարկեց Հիմնադրամ-ՎիվաՍել-ՄՏՍ-Երևանի քաղաքապետարան եռակողմ համագործակցությամբ իրականացվող բազմաբաղադրիչ միջոցառումների շարքը, որոնց հիմնական առաքելությունը հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումն ու նրանց վերականգնողական գործընթացին նպաստելն է:

«Մեր օրերում, ցավոք, նվազագույնի է հասել մարդ-բնություն-կենդանական աշխարհ կապը, այնինչ հենց այդ ներդաշնակությունն է մարդու` հոգևոր և ֆիզիկական առողջության գրավականը: Կենդանիների հետ շփման դրական արդյունքը վաղուց է արձանագրվել գիտնականների կողմից, իսկ հիպոթերապիան առանձնահատուկ դեր ունի հաշմանդամություն ունեցող երեխաների բուժման գործում: Բնության գրկում գտնվելու և կենդանիների հետ շփվելու առավելությունից զրկված են հատկապես քաղաքաբնակները, և ուրախալի է, որ այժմ Երևանում ևս կա հիպոթերապիայի կենտրոն, ուր կարող են այցելել և ծրագրից օգտվել հատուկ կարիքներով երեխաներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հոգ է տարել, որպեսզի ծրագիրը հասանելի լինի երեխաներին անվճար հիմունքներով, և ֆինանսական դժվարությունները խոչընդոտ չհանդիսանան փոքրիկների ապաքինման գործում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Այս համատեքստում իրականացվող հիպոթերապիայի ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 1-ից: Հիպոթերապիան բուժական ֆիզկուլտուրայի տարատեսակ է` վերականգնողական գործընթաց, որն իրականացվում է ձիերի հետ շփման և ձիավարության միջոցով: Վերջին տասնամյակներում այն համարվում է հաշմանդամության տարբեր տեսակներ ունեցող անձանց ու հատկապես երեխաների հետ աշխատանքի ամենաարդյունավետ ձևերից մեկն ամբողջ աշխարհում:

Այս ընթացքում ծրագրում ներգրավված տասնյակ երեխաներ շաբաթը երկու անգամ այգու ձիարշավարանում անվճար ձիավարելու և հատուկ վարժանքների մասնակցելու, իսկ մնացած օրերին իրենց հետ աշխատող ձիերի հետ շփման` անձամբ կերակրելու և խնամելու հնարավորություն են ստացել: Նախաձեռնության հիմնական առավելություններից մեկը, թերևս, ձիարշավարանի դիրքն է: Ի տարբերություն որպես կանոն քաղաքից դուրս գտնվող հիպոթերապիայի կենտրոնների՝ հատկապես երևանաբնակ երեխաների և նրանց ծնողների համար այգու տարածքում տեղակայված ձիրաշավարանը անհամեմատ ավելի հասանելի է և հնարավորություն է ընձեռում ծրագրին միանալու առանց լրացուցիչ ճանապարհածախսի:

Մինչ օրս ծրագրին տարբեր ինտենսիվությամբ մասնակցել է երեք տասնյակից ավելի երեխա: Հաշվի առնելով փոքրիկների ինտեգրման և ֆիզիկական վերականգնման գործում ծրագրի կարևորությունն ու մասնակցության համար գրանցված երեխաների թիվը, նախաձեռության հեղինակները որոշել են այն դարձնել շարունակական: ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ այգու տարածքում իրականացվող ծրագրին երեխաները կկարողանան մասնակցել անվճար հիմունքներով: