3 դեկտեմբերի 2015 - 17:18 AMT
Ստամբուլում Հայոց ցեղասպանության մասին հեռագրեր են ցուցադրվել

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանությանն առնչվող հեռագրերի ցուցահանդես: Ցեղասպանությունը, սակայն, ներկայացվում է որպես տեղահանություն: Ընդ որում այս թեման լուսաբանող թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի կայքը «տեղահանություն» բառը ներկայացնում է չակերտյալ:

Ցուցահանդեսում ներկայացված են Թուրքիայի կառավարական արխիվում պահվող հեռագրերը, որոնց միջոցով պատմվում է մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկի մասին: Այս ցուցահանդեսը վերհանում է փաստեր այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին, ովքեր են եղել գլխավոր դերակատարները, ինչպիսի պայմաններում և ինչ միջոցներով է ի կատար ածվել: Ցուցահանդեսը բաղկացած է 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթի` օսմանյան նահանգապետերին ուղարկած հրահանգներից և նահագներից ստացված պատասխան հեռագրերից, Ermenihaber.am-ին հղումով գրում է Armeniangenocide100.org-ը:

Ցուցահանդեսում կարելի է առաջին աղբյուրից տեղեկություններ ստանալ 1915-ի տեղահանության հրահանգը տվողների, համապատասխան հրամանների, դրանց իրագործողների մասին: Ցուղադրվող հեռագրերը ոչ պակաս տեղեկություններ են ներառում նաև տեղահանված հայերի թողած ունեցվածքի տնօրինման, ինչպես նաև՝ կառավարության հրամաններին չենթարկվողներին պատուհասած դժբախտությունների մասին:

Թուրքական ընդդիմադիր կայքն ընդգծում է, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Օսմանյան կայսրության հայերի անհետ ոչնչացման սկիզբը հանդիսացող «տեղահանության» 100-րդ տարելիցի կապակցությամբ: Այն նպատակ ունի հանրությանը ներկայացնել պատմական ճշմարտությունը և խթանել ընդհանուր հիշողության զարգացումը:

Հեռագրերի ցուցահանդեսում կարելի է նաև տեղեկություններ ստանալ այն մասին, թե յուրաքանչյուր կոնկրետ բնակավայրից որքան հայ է տեղահանվել 1915-ին: Ցուցահանդեսը բացվել է դեկտեմբերի 1-ին՝ Ստամբուլի DEPO ցուցասրահում և կգործի մինչև տարվա վերջին օրը: