3 դեկտեմբերի 2015 - 23:02 AMT
Վալերի Բուայե. Իմ ներկայացրած օրինագծի քննությունը թույլ կտա Ֆրանսուա Օլանդին առերեսվել իր չկատարած խոստումներին

Դեկտեմբերի 3-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում քննարկմանն է ներկայացվել Վալերի Բուայեի և այլ պատգամավորների համահեղինակած՝ 20-րդ դարի ցեղասպանություններն ու մարդկության դեմ հանցագործությունները ժխտողների համար քրեական պատիժ նախատեսող օրենքի նախագիծը: Օրենքի դրույթները խախտողների համար որպես պատիժ նախատեսում է 5 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Կայացած քվեարկությամբ Ազգային ժողովը որոշել է օրինագիծը լրացուցիչ քննարկման ուղարկել ԱԺ-ի Սահմանադրական օրենքների և օրենսդրության (իրավական) հանձնաժողովին: Քվեարկությանը մասնակցած 39 պատգամավորներից 26-ը կողմ է քվեարկել, 12-ը՝ դեմ, իսկ 1-ը՝ ձեռնպահ, հայտնում է ArmenianGenocide100.org-ը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն դժգոհություն և տարակուսանք է արտահայտել ցեղասպանությունների ժխտողականության դեմ իր կողմից առաջ քաշված օրենսդրական նախաձեռնության նկատմամբ երկրի կառավարության և նախագահ Օլանդի դիրքորոշման վերաբերյալ: Այդ մասին նա նշել է այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովի նիստում օրինագծի վերաբերյալ քննարկումների ժամանակ ունեցած իր ելույթում: Ելույթի մի մասը պատգամավորը հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում:

Բուայեն, մասնավորապես, ասել է. «Ազգային ժողովի պատգամավորները երբեմն պետք է հանուն համընդհանուր շահի վեր կանգնեն իրենց վեճերից ու նեղ քաղաքական շահերից:

Այսօր, հանուն համամարդկային արժանապատվության, ես կոչ արեցի բոլոր խմբակցությունների պատգամավորներին սատարել իմ ներկայացրած օրինագիծը:

2011, 2012, 2013, 2014, 2015… տարիներն անցնում են, իսկ մենք թույլ ենք տալիս ժխտողականությանը տարածվելու և արմատավորվելու մեր երկրում: Մենք այսօր պատմական հնարավորություն ունեինք՝ դրան արմատապես վերջ դնելու:

Հիշում եմ, որ 2011 թվականին հենց այս նույն դահլիճում տեղի ունեցած քննարկումները, որոնց ընթացքում թե աջերը, թե ձախերը միասնականություն դրսևորեցին այս պայքարի շուրջ, որը կուսակցական վերապահումներ չի ճանաչում: Հիշում եմ, թե ինչպես 2012-ին Կոմիտասի արձանի առջև Ֆրանսուա Օլանդը խոստացավ Հայոց ցեղասպանության ժխտողականության համար պատիժ նախատեսող օրինագիծ առաջ քաշել:

Դրանից մի քանի ամիս անց՝ 2012-ի օգոստոսին, իմ կոլեգաներից Գիյոմ Լաղիվեն գրավոր հարցումով դիմեց Հանրապետության նախագահին՝ պարզելու 2012 թ. ապրիլի 24-ին նրա իսկ կողմից խոստացված օրենքի նախագծի ներկայացման ժամկետները:

2014 թ. հուլիսի 22-ին տրված պատասխանը շատ հստակ էր. «Անհրաժեշտություն չկա այդ հարցի վերաբերյալ նոր նախագիծ առաջ քաշել, կառավարությունը չի նախատեսում խորհրդարանին օրենքի նախագիծ ներկայացնել»: Այնուհետև նշված էր. «Անհրաժեշտ է սպասել ՄԻԵԴ-ի Մեծ պալատի վճռին («Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով – խմբ.), որպեսզի, անհրաժեշտության դեպքում, հնարավոր լինի ներկայացնել միջազգային իրավունքի նորմերին չհակասող օրենքի նախագիծ»: Եվ դա արվեց այն դեպքում, երբ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի վճիռը միայն հոկտեմբերի 15-ին հրապարակվեց:

Կառավարությունը ժամանակի խնդիրն էր վկայակոչում իմ ներկայացրած օրենսդրական նախաձեռնության ուսումնասիրման համար, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ Ելիսեյան պալատը 4 տարի ուներ օրենքի նախագիծ ներկայացնելու համար: Ուրեմն, ինչ՝ հիմա էլ սպասենք մինչև 2017 թվակա՞նը:

Այսօր կառավարությունն իմ ներկայացրած օրինագծի տեքստը վերադարձրեց հանձնաժողովին՝ չներկայացնելով, սակայն, ոչ մի առաջարկ, ոչ մի իրավական փաստարկ և, որ ամենավատն է, ոչ մի դիրքորոշում:

Իմ ներկայացրած օրինագծի քննությունը, այնուամենայնիվ, առնվազն թույլ կտա Ֆրանսուա Օլանդին առերեսվել իր չկատարած խոստումներին:

Չմոռանանք, որ, ինչպես գրող Անդրե Մալրոն էր ասում, «Ֆրանսիան մեծ է միայն այն դեպքում, երբ այդպիսին է աշխարհի համար»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին կայացած քվեարկությամբ Ազգային ժողովը որոշել է օրինագիծը լրացուցիչ քննարկման ուղարկել ԱԺ-ի Սահմանադրական օրենքների և օրենսդրության (իրավական) հանձնաժողովին: Քվեարկությանը մասնակցած 39 պատգամավորներից 26-ը կողմ է քվեարկել, 12-ը՝ դեմ, իսկ 1-ը՝ ձեռնպահ: