4 դեկտեմբերի 2015 - 11:31 AMT
Հակառակորդը հերթական դիվերսիան է ձեռնարկել. Մեկ զոհ ունենք

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995-ին ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (197 արկ), 82 (43 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (14 արկ), ՌԳՊ-7 (1 արկ) նռնականետերից ու TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից (4 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:

Այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի ականանետային և հրթիռային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

ՊԲ առաջապահ զորամասերը պատժիչ գործողություններ են ձեռնարկում` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար:

Դիվերսիոն վերջին փորձը հակառակորդը ձեռնարկել էր հոկտեմբերի 10-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Թալիշի ուղղությամբ): ՊԲ դիրքապահ ուժերը դիմել էին կանխարգելիչ գործողությունների և, հակառակորդին հասցնելով կորուստներ, հետ շպրտել ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը կորուստներ չէր կրել: