4 դեկտեմբերի 2015 - 15:08 AMT
Հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքով քրգործ է հարուցվել

Զինվորական քննչական գլխավոր վարչության Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Էդիկի Գրիգորյանը:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու դեպքի առթիվ։ Կատարվում է նախաքննություն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը, ասել է. «Այն, որ իրենք այսօր նորից խախտել են զինադադարի ռեժիմը և դիվերսիոն խումբը փորձել է ներթափանցել Արցախի տարածք, սա Ադրբեջանի պատասխանն է նույնիսկ այդպիսի հայտարարությունը, այն էլ՝ Թուրքիայի հետ մեկտեղ»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Ադրբեջանում է գտնվում Թուրքիայի վարչապետը, հայտնում է Tert.am-ը:

Բաբայանը նշել է, որ ՄԽ հայտարարությունը հավասարակշռված էր՝ իրենց ոճով, ամենակարևորն այն է, որ իրենք հիմնական շեշտը դնում են խաղաղ կարգավորման վրա:

Նրա խոսքով՝ այսպիսի ագրեսիվ քաղաքականությունը թուրք-ադրբեջանական տանդեմի գործելաոճն է: «Նրանք այդ հայտարարությունից հետո դիմել են նման գործողության»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Արձագանքելով դիտարկմանը, թե գնահատականներ են հնչում, որ արտգործնախարարների հայտարարությունն ապտակ էր Ադրբեջանին, Դավիթ Բաբայանն ասաց. «Երբ որ կոչ է արվում իրավիճակը չսրել, բնական է, որ սա Ադրբեջանին է ուղղված, բայց պատասխանն այն է, որ Ադրբեջանը ոչ միայն որևէ քաղաքական արձագանք չտվեց, այլ հակառակը՝ արձագանքեց խախտելով զինադադարի ռեժիմը ևս մեկ անգամ»:

Դեկտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (197 արկ), 82 (43 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (14 արկ), ՌԳՊ-7 (1 արկ) նռնականետերից ու TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից (4 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը պատժիչ գործողություններ են ձեռնարկում` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար:

Դիվերսիոն վերջին փորձը հակառակորդը ձեռնարկել էր հոկտեմբերի 10-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Թալիշի ուղղությամբ): ՊԲ դիրքապահ ուժերը դիմել էին կանխարգելիչ գործողությունների և, հակառակորդին հասցնելով կորուստներ, հետ շպրտել ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը կորուստներ չէր կրել: