4 դեկտեմբերի 2015 - 15:26 AMT
Ավստրալիայի խորհրդարանում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Դեկտեմբերի 1-ին և 2-ին՝ Ավստրալիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցչության և ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ, Ավստրալիայի խորհրդարանում տեղի են ունեցել հանդիպումներ և քննարկումներ Հայոց ցեղասպանության ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ: Հանդիպումներին մասնակցել են հատուկ հրավիրյալի կարգավիճակ ունեցող ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը, Ավստրալիայի Հայ դատի Հանձնախմբի ներկայացուցիչներ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Դավիթ Իշխանյանը և Քայլար Միքայելյանը խորհրդարանականներին մանրամասն տեղեկություններ են ներկայացրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, Արցախի Հանրապետության պետականաշինության գործընթացի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, ինչպես նաև հանրապետությունում ներկա զարգացումների մասին:

Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրն իր ելույթում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և Արցախի անկախության հռչակման 24-րդ տարեդարձին՝ շեշտելով. «ԼՂՀ-ն այսօր ունի ժողովրդավարական համակարգ, կառավարություն, խորհրդարան, մարդու իրավունքների և ազատ մամուլի դրսևորում, ինչը հարևան Ադրբեջանի լրիվ հակապատկերն է»:

Հանդիպումների ընթացքում կարևորվել է նաև առաջիկայում Ավստրալիայի խորհրդարանականների՝ Արցախ կատարելիք այցը, որը հնարավորություն կտա նրանց անմիջականորեն ծանոթանալու Արցախի ձեռքբերումներին և երկրի առօրյային:

2013-ի մայիսի 1-ին Ավստրալիայի Նոր Հարավայիյն Ուելս նահանգն ընդունել էր Օսմանյան կայսրությունում առաջին աշխարհամարտի տարիներին ասորիների, հայերի ու հույների ցեղասպանության մասին բանաձևը: Ըստ Ասորական կազմակերպություների դաշինքի գլխավոր քարտորղար Հերմիզ Շահենի, այդ որոշումն աննախադեպ էր Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունների ճանաչման հարցում: «Այդ ճանաչումը որպես հզոր ուժ կդիմակայի նրանց, ով մինչ օրս անտեսում է կամ ուղղակի ժխտում է քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունը: Իրաքի, Սիրիայի ու Թուրքիայի ասորիները մշտապես կրում են այդ ցեղասպանության հետևանքները»,- նշել էր նա: