Մարին լը Պենի գլխավորած Ազգային ճակատը դարձել է Ֆրանսիայում տեղական ընտրությունների առաջին փուլի հաղթողը: Կուսակցության թեկնածուները առաջատար են երկրի շրջաններից 7-ում: Ընդհանուր առմամբ Ազգային ճակատը երկրում հավաքել է մոտ 29,8%, Նիկոլյա Սարկոզիի «Հանրապետականներ»-ը` 26,2%, իշխող Սոցիալիստական կուսակցությունը` 23,2%:
Ազգային ճակատն (FN) —առաջին ազգայնական կուսակցությունն է Ֆրանսիայում, որի առաջնորդն է Մարին լը Պենը: Կուսակցությունը հիմնադրել է Ժան Մարի լը Պենը 1972 թվականին: Փաստացի նրա հայտնվելը կապված է սոցիալիստներին այլընտրանք գտնելու որոնումների հետ:
Այսպիսով Ազգային ճակատն առաջ է անցել թե աջակողմյաններից, թե ձախերից:
«Մենք միակն ենք, ով պաշտպանում է ազգն ու նրա ինքնիշխանությունը»,-ասել է Մարին լը Պենը դեկտեմբերի 6-ին կայացած ընտրություններից հետո: Կուսակցության գլխավոր պահանջներից է կասեցնել ներգաղթյալների հոսքը Ֆրանսիա, ինչպես նաև առավել ինքնուրույն քաղաքականություն վարել և արմատապես վերանայել հարաբերությունները Եվրամիության հետ:
Լուրջ պարտություն են կրել սոցիալիտները` նախագահ Օլանդի կուսակցությունը: Չնայած, որ ֆրանսիացիները հավանություն տվեցին նրա վճռական գործողություններին ահաբեկչության դեմ պայքարում, սակայն դեկտեմբերի 6-ին «Օլանդի գործոնը» չազդեց, գրում է ՏԱՍՍ-ը:
Ընտրելու իրավունք ունեցողների առնվազն 40 տոկոսը` մոտ 20 մլն մարդ, չի մասնակցել ընտրություններին:
Այս քվեարկությունն արդեն իսկ անվանել են «վերջին կանգառը 2017-ի նախագահական ընտրարշավից առաջ»: Ընտրությունների 2-րդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին:
Մարին լը Պենը հայտնի քաղաքական գործիչ, ազգայնականների բազմամյա առաջնորդ Ժան Մարի լը Պենի դուստրն է: 2002-ին նա ընտրությունների առաջին փուլում հաղթեց Ժակ Շիրակին և նախագահ չդարձավ միայն «բողոքային քվեարկության» արդյունքում: Մարին լը Պենը նույնպես ունի նախագահական ընտրարշավի փորձ՝ 2012-ին նա երրորդն էր ընտրություններում և խոստացավ հետագայում ևս առաջադրվել նախագահի պաշտոնում: 2014-ին «Ազգային ճակատը» Եվրախորհրդարանի ընտրություններում հավաքեց ձայների 25 տոկոսը՝ ցույց տալով երկրորդ արդյունքը երկրում: