9 դեկտեմբերի 2015 - 12:10 AMT
ԼՂՀ ՊՆ. Հայկական կողմը զոհ ունի, հակառակորդն առաջին անգամ տանկ է կիրառել

Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: Հակառակորդն առաջին անգամ հրասայլից (տանկ) արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը:

Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (101 արկ), 82 (193 արկ), 120 (35 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (27 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (17 արկ) և հրասայլ (5 արկ):

Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի ապակայունացնող գործողությունները անպատիժ չեն մնալու և ստեղծված իրադրության հետևանքները լինելու են ծանր ու անդառնալի, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը հրադադարի ռեժիմը խախտվել է մոտ 240 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (140 արկ), 82 (415 արկ), 120 (67 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (20 արկ) և ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4300 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (63 արկ):

Դեկտեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը հրադադարը խախտվել է մոտ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (69 արկ), 82 (229 արկ), 120 (40 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (142 արկ) և ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (24 արկ): Հակառակորդի հրետակոծության հետևանքով դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:

Դեկտեմբերի 5-ին հակառակորդի հրետակոծության հետևանքով ականապայթյունային վիրավորում ստացած Պաշտպանության բանակի զինծառայող Վարազդատ Խաչատրյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Զինծառայողը ստացել էր հրազենային բեկորային, ստորին և վերին վերջույթների վնասվածքներ: Առկա է ոսկրերի կոտրվածք, այլ վնասվածքներ: Դեկտեմբերի 7-ին զինծառայողը տեղափոխվել է «Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոն` նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով, հայտնում է առողջապահության նախարարությունը:

«Այժմ հիվանդը ստանում է սիմպտոմատիկ թերապիա: Ողջ ծավալով կատարվում են անհրաժեշտ հետազոտությունները: Խաչատրյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Նա գտնվում է մասնագետների շուրջօրյա հսկողության ներքո», - ասված է առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ զինծառայողին է այցելել առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

«Պաշտպանության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում նրա կյանքը փրկելու և առողջությունը վերականգնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ: