9 դեկտեմբերի 2015 - 15:56 AMT
ԼՂՀ ԱԳ նախարարն ԱՄՆ-ում քննարկել է շփման գծում լարվածության աճին առնչվող հարցեր

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 8-ին հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ։

Նույն օրն արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակցային գործընթացում առկա իրավիճակին առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, երկուստեք ընդգծվել է հրադադարի խախտումները բացառելու և շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ hանդիպումների ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացման և ընդարձակման, ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության, ինչպես նաև շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող խախտումների և սադրանքների աճի հետ կապված հարցեր: ԼՂՀ արտաքին գործերի նախարարը գոհունակություն է հայտնել ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ առկա համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ, ինչպես նաև կարևորել նրանց գործունեությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը:

Հայ Դատի հանձնախմբի անդամների հետ հանդիպումից հետո ԼՂՀ արտաքին գործերի նախարարը մասնակցել է ի նպաստ Արցախի քարոզարշավի մասնակիցների համար կազմակերպված ընդունելությանը, որոնք Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ ժամանել էին Վաշինգտոն՝ ԱՄՆ Կոնգրեսում հանդիպումներ ունենալու և Արցախին առնչվող հարցերը կոնգրեսականների հետ քննարկելու համար: Ընդունելության ընթացքում Կարեն Միրզոյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպումներին ԼՂՀ ԱԳՆ ղեկավարին ուղեկցել է ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Դեկտեմբերի 6-ից կտրուկ աճել է լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Դեկտեմբերի 9-ին հակառակորդն առաջին անգամ տանկի արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը:

Դեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (101 արկ), 82 (193 արկ), 120 (35 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (27 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (17 արկ) և հրասայլ (5 արկ):

Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:

Դեկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը հրադադարի ռեժիմը խախտվել է մոտ 240 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (140 արկ), 82 (415 արկ), 120 (67 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (20 արկ) և ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4300 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (63 արկ):