10 դեկտեմբերի 2015 - 19:03 AMT
$21 մլն-ի վարկ ՎԶՄԲ-ից` ՀՀ պետհատվածի արդիականացմանը

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 10-ին հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015-ի նոյեմբերի 18-ին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագրին, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել վարկ` $21 մլն-ի չափով:

Ծրագրի նպատակն է հանրային ֆինանսական հաշվետվությունների որակի և ընտրված էլեկտրոնային կառավարման կատարելագործված ծառայությունների հասանելիության բարելավումը:

ՊՀԱԾ III-ի շրջանակում երեք հիմանական բաղադրիչներ են ներառված. (1) պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգեր; (2) ծառայությունների մատուցման բարելավման համար նախատեսված էլեկտրոնային կառավարման լուծումներ; և (3) կարողությունների զարգացում ու փոքր միջամտություններ կարողությունների զարգացման նպատակով:

Առաջին բաղադրիչը կօգնի Կառավարությանը պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) զարգացման միջոցով բարելավել ֆինանսական կառավարման ու հաշվառման ծախսային և նպատակային արդյունավետությունն ու ամբողջականությունը:

ՊՖԿՀ առաջարկվող մոդուլներով, ի թիվս այլ բարելավումների, կատարելագործվում են բյուջեի պլանավորման, բյուջեի կատարման, պետական գնումների, պարտքի կառավարման, հաշվապահական հաշվառման, բյուջետային հաշվետվությունների ու ընդհանուր գրանցամատյանի մոդուլները: