10 դեկտեմբերի 2015 - 15:51 AMT
ՀԱԿ-ի երթը դեպի ԿԸՀ. 3 մասնակից բերման է ենթարկվել (թարմացված)

Դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված երթը։ Երթը հրավիրել է Հայ ազգային կոնգրեսը, որին միացել են «Ժառանգություն» կուսակցությունը, «Չե՛ք անցկացնի», «Նոր Հայաստան» նախաձեռնությունները, Ազգային ինքնորոշում միավորումը։

14.40-ին երթի մասնակիցները շարժվել են դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելու անվավեր ճանաչել հանրաքվեն։ Սակայն ոստիկանները փակել էին ճանապարհը դեպի ԿԸՀ շենք։

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բանակցել էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, որպեսզի ոստիկանները թույլատրեն երթի մասնակիցներին մոտենալ ԿԸՀ շենքին:

Օսիպյանը նշել է, որ եթե Զուրաբյանը երաշխավորում է, որ շենքի մոտ սադրանքներ չեն լինելու, ապա` թույլ կտան մոտենալ շենքին: Դրան ի պատասխան` Զուրաբյանն առաջարկել է, որպեսզի շենքի դիմաց ոստիկանները պատ կազմեն:

Այսպիսով` նրանք եկել էին համաձայնության և երթի մասնակիցները շենքի մոտ իրենց պահանջը ներկայացրել էին:

ԿԸՀ-ի մոտ ելույթ է ունեցել «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Դուք ձեր խղճի առաջ մաքուր եք, ապրեք, հետո կպարծենաք ձեր երեխաների, ընկերների առաջ, որ ձեր խիղճը մաքուր է»,- դիմելով հավաքվածներին՝ ասել է նա:

Պատգամավորը շնորհակալություն է հայտնել «ուսադիր ունեցող բոլոր մեր տղերքին, ովքեր հասկանում են, որ մեր երկրի գլխին կա վտանգ ու գնացին դեմ քվեարկեցին»:

Լևոն Զուրաբյանը հայտնել է, որ հանրաքվեի ընթացքում ձևավորվել է յուրահատուկ «եղբայրության բանակ», որը պետք է զարգացնել ու դարձնել «ազատ և արդար ընտրությունների նոր երաշխավորը Հայաստանում», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նա նշել է, որ այդ «ազատության բանակը» չպետք է լինի որևէ քաղաքական ուժի մենաշնորհը։ «Հիմա տարբեր քաղաքական ուժեր ուզում են օգտվել առիթից, իրենց թևի տակ կառուցեն ինչ-որ բան, սա անիմաստ է և ցույց կտա այդ կուսակցությունների շահախնդիր մոտեցումը։ Սա պետք է լինի ազնիվ, քաղաքական ուժերի, ժողովրդի ակտիվ մասի համատեղ մի ձեռնարկություն, որի նպատակն է լինելու միավորել ընտրական պայքարում բոլոր ազնիվ մարդկանց», - հայտարարել է Զուրաբյանը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքի ժամանակ նշել է, թե անհրաժեշտ է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, քաղաքական ուժ, երիտասարդներ, ազատամարտիկներ, բոլոր հայաստանցիները ի մի գան և խոնարհվեն ոչ միայն դրոշի, այլ նաև այս մեծ նպատակի առաջ ու ամեն մեկն իր կաթիլ ներդրումն ունենան:

Նա ընդգծել է, որ պետք է վեր կանգնել հատվածական խնդիրներից` հավելելով, որ որ իշխող վարչակարգը կեղծել է հանրաքվեի արդյունքները՝ իրեն մեղսակից դարձնելով շարքային քաղաքացիների, զինվորների, որոշ ոստիկանների, գրում է Tert.am-ը:

Ավելի ուշ, Ազատության հրապարակից ոստիկանություն է տարվել 3 հոգի:

Նրանց նկատմամբ վարչական բերում է իրականացվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածով՝ ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգը խախտելը։

Ավելի ուշ բերման ենթարկված 3 անձ ազատ է արձակվել, գրում է Panorama.am-ը:

Դեկտեմբերի 6-ին անցկացվեց ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851 քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում կառավարման կիսանախագահական ձևից խորհրդարանականին: