4 դեկտեմբերի 2006 - 17:59 AMT
Յուրաքանչյուր օրով Հայաստանն ու Թուրքիան բաց են թողնում հարաբերությունների հաստատման մեծ հնարավորություններ
Յուրաքանչյուր օրով Հայաստանն ու Թուրքիան բաց են թողնում հարաբերությունների հաստատման մեծ հնարավորություններ, The New Anatolian թուրքական թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Թուրքիան, ցավոք, չի ցանկանում նման հարաբերություններ հաստատել Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների հետ, եւ այդպիսով, ավելի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանում: «Այդպիսով, այդ հնարավորությունն արդեն կորցված է: Երկրորդ հնարավերությունը Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցությունն է: Անկարան բանակցություններ է տանում ԵՄ անդամակցության կապակցությամբ եւ նա ունի բոլոր հնարավորությունները` Կովկասի եւ Եվրոպայի միջեւ կամուրջ դառնալու: Այդ հնարավորությունը եւս կորցված է: Սակայն, ամենակարեւորը, մենք կորցնում ենք մեր ժողովուրդների փոխգործողության հնարավորությունը: 15 տարիների ընթացքում (Հայաստանի անկախության հռչակումից հետո) հայ եւ թուրք ժողովւրդները չեն համագործակցում, քիչ են տեղեկացված միմյանց մասին: Մեր ուշադրությունը կենտրոնացած է նյարդային հարցերի վրա: Մենք պետք է շեշտը կատարենք նոր դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման վրա. ահա, թե ես ինչ եմ ենթադրում` խոսելով բաց թողնված հնարավերությունների մասին»,- նշել է Վարդան Օսկանյանը:
Մեկնաբանելով այն ինֆորմացիան, որ Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է դիմել միջազգային դատարան Հայոց ցեղասպանության հարցի կապակցությամբ` Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է. «Մենք երբեք չենք քննարկել նման հարց, քանի որ մեծացել ենք այդ ողբերգությունը վերապրածների կողքին: Հայերին երբեք պետք չէր դիմել դատարան, որպեսզի ապացուցեն, որ Ցեղասպանությունը եղել է: Մեր կարծիքով, այդ հարցը պետք է քաղաքական լուծում ստանա: Քանի որ հարցը ոչ պատմական է, ոչ էլ իրավաբանական: Եւ Թուրքիան քաղաքականացրել է այդ հարցը` պետական մակադրակով մերժման քաղաքականություն տանելով»: