Համաշխարհային բանկը Հայաստանում 2016 թվականին 2.2% աճ է կանխատեսում, դեկտեմբերի 11-ին լրագրողներին է հայտնել ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը։
«Հետաքրքիր է, որ այս անգամ մեր կանխատեսումը համընկնում է կառավարության կանխատեսման հետ։ Այս տարի դա այդպես չէր»,– ասաց Բեյլին։
Ըստ նրա, երբ Համաշխարհային բանկը գնահատականներ է տալիս, այն կենտրոնանում է ոչ միայն Հայաստանի տնտեսության վրա, այլ նաև դիտարկում է տարածաշրջանում ընդհանուր տնտեսական գործընթացները։
«Տվյալ դեպքում մեզ համար հիմնական գործոնները Եվրոպայի տնտեսության դանդաղ աճն է, Ռուսաստանում շարունակվող տնտեսական անկումը և նավթի գների մակարդակը»,- նշել է Բեյլին։
Վարկանիշային Moody’s գործակալությունը նույնպես Հայաստանում 2016 թվականին ՀՆԱ 2.2% աճ է կանխատեսում, ինչը պայմանավորված է տնտեսության ցածր դիվերսիֆիկացիայով, առևտրի ցուցանիշների վատթարացմամբ և Ռուսաստանի գծով ֆինանսական ռիսկերի առկայությամբ:
Ինչպես կարծում են գործակալության վերլուծաբանները, 2016-ի աճի վրա կանդրադառնա ներքին սպառման ցածր մակարդակն ու արտաքին խոցելիությունը:
«Պահանջարկի ցածր մակարդակը Հայաստանում զսպում է սպառումն ու ներդրումները, իսկ տնտեսական կլիմայի վատթարացումը Ռուսաստանում հանգեցրել է դրամական փոխանցումների կտրուկ նվազման: Հաշվի առնելով, որ դրամական փոխանցումները Հայաստան կազմում են ՀՆԱ 15 տոկոսը, Հայաստանը զտնվում է ՌԴ տնտեսության ցիկլիկ փոփոխություների ազդեցության տակ»,-գտնում են նրանք, հայտնում է ԱՌԿԱ-ն:
Fitch Ratings միջազգային վարկային գործակալությունը տեսնում է ՀՀ տնտեսության աճի թույլ հեռանկարներ: Նման կանխատեսում կա Fitch-ի «ԱՊՀ և Վրաստանի բանկերի կանխատեսումը 2016 թ. համար» զեկույցում: «Մենք ակնկալում ենք, որ ավելի թույլ տնտեսական գործունեությունը, արտաքին ճնշումն ու թույլ ներքին սպառումը կազդեն 2016-ի վարկային պահանջարկի վրա»,-ասվում է զեկույցում:
Դեկտեմբերի 10-ին խորհրդարանի ընդունած պետբյուջեի համաձայն, Հայաստանում ՀՆԱ իրական աճը 2016 թվականին նախատեսված է 2.2 տոկոսի չափով, ՀՆԱ դեֆլյատոր ցուցիչը` 4 տոկոս, 12–ամսյա գնաճը` 4% (±1,5%), իսկ պետբյուջեի պակասուրդը` ՀՆԱ–ի 3.5 տոկոսը։
Հայաստանի ԿԲ–ն հոկտեմբերի վերջին բարձրացրել է 2015 թվականի տնտեսական աճի կանխատեսումը 3.2-3.6 տոկոսի սահմանում։
Համաշխարհային բանկն իր վերջին կանխատեսումներում 2015 թվականին ակնկալում է 0.8 տոկոսի աճ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը` 2.3 տոկոս, ԵԶԲ–ն` 2.0-2.5 տոկոսի աճ, ԱՄՀ–ն` 2.5 տոկոսի աճ, Ասիական զագացման բանկը` 1.2 տոկոս։