11 դեկտեմբերի 2015 - 16:47 AMT
ԱԺ փոխնախագահը հանդիպել է Արգենտինայի և Պարագվայի նախագահների հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բուենոս Այրեսում դեկտեմբերի 10-ին ներկա է գտնվել Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Արարողությունից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպում է ունեցել Արգենտինայի նախագահի հետ:

ԱԺ փոխնախագահը Մաուրիսիո Մակրիին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը: Էդուարդ Շարմազանովը գոհունակություն է հայտնել Բուենոս Այրեսի հայկական համայնքի պահպանության, ինչպես նաև հայ-արգենտինյան կապերի ամրապնդման գործում քաղաքապետ եղած ժամանակահատվածում Մաուրիսիո Մակրիի անձնական ներդրման համար, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Մաուրիսիո Մակրիի աջակցությունը Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների կազմակերպման գործում:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ երկու բարեկամ պետությունների հարաբերությունները հետայսու ևս կշարունակեն զարգանալ:

Այցի ընթացքում ԱԺ փոխնախագահը հանդիպում է ունեցել նաև Արգենտինայի փոխնախագահ Գաբրիելա Միչետիի և Արգենտինայի ԱԳ նախարար Սուսաննա Մալկոռայի հետ: Նրանք ընդգծել են արգենտինահայ համայնքի բացառիկ դերն Արգենտինայի կյանքում՝ համոզմունք հայտնելով, որ հայկական համայնքն է միավորում օվկիանոսով բաժանված, բայց բարեկամ երկու պետություններին:

Ազգային ժողովի փոխնախագահը դեկտեմբերի 10-ին Բուենոս Այրեսում առանձնազրույց է ունեցել Պարագվայի Հանրապետության նախագահ Օրասիո Մանուել Կարտես Խարայի հետ: Առանձնազրույցը տեղի է ունեցել Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության արարողությունից առաջ:

ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել առ այն, որ Պարագվայի Սենատը վերջերս միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Ցեղասպանությունների կանխարգելման լավագույն քայլը դրանց դատապարտումն է: Պարագվայն այս քայլով վերահաստատել է, որ հանդիսանում է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության երկիր, որը դատապարտում է ցեղասպանությունները»,-նշել է Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահի խոսքով` միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունն իրավունք չունի անմասն մնալ անցյալի ոճիրների դատապարտման հարցում:

Պարագվայի նախագահն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։

2015-ին հոկտեմբերի 29-ին Պարագվայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու միաձայն որոշում կայացրեց: