11 դեկտեմբերի 2015 - 18:22 AMT
Կանադայի վարչապետը ողջունել է սիրիացի փախստականներին, այդ թվում՝ սիրիահայերին

Դեկտեմբերի 10-ին՝ կեսգիշերին մոտ Տորոնտոյի օդանավակայանում վայրէջք է կատարել կանադական ռազմատրանսպորտային օդանավը, որը Հորդանանից 163 սիրիացի փախստակի տեղափոխեց Կանադա: Նրանց դիմավորել է վարչապետ Ջասթին Թրյուդոն, ով խոստացել էր, որ Կանադան կառավարական ծրագրով 25 հազար սիրիացի ներգաղթյալի կընդունի:

Հոկտեմբերին Թրյուդոյի կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում, և երիտասարդ քաղաքական գործիչը դարձել է վարչապետ:

Տորոնտոյի օդանավակայանում նա անձամբ դիմավորել է սիրիացի փախստականներին, զրուցել նրանց հետ, տաք հագուստներ տվել: Առաջին ներգաղթյալներից մեկը, ում հետ թարգմանչի օգնությամբ վարչապետը շփվել է, Հալեպից գինեկոլոգ Գևորգ Ժամկոչյանն էր, նրա կինը՝ Գեորգիա Զիրեսը, և մեկուկես տարին դեռ չբոլորած դուստրը՝ Մադլենը: Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը: Իսկ GlobalNews կանադական կայքը տեսանյութեր է տեղադրել, ցուցադրելով ներգաղթյալների ժամանումն ու նրանց ողջունող, նրանց հետ զրուցող վարչապետին:

«Մենք ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել հյուրընկալության և ջերմ ընդունելության համար: Մենք մեզ զգում ենք ինչպես տանը»,-ասել է Գևորգ Ժամկոչյանը վարչապետին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Զգացեք Ձեզ ինչպես տանը: Բարի գալուստ Ձեր նոր տուն», - պատասխանել է Ջասթին Թրյուդոն, ով ներգաղթյալներին դիմավորում էր կնոջ հետ:

Associated Press-ը գրում է նաև Գրեգ Կեոշկերյանի մասին, ով օդանավակայանում սպասում էր իր ընկերոջը: Նա նույնպես սիրիացի փախստական է, 10 ամիս է բնակվում է Կանադայում և ասել է, թե մտադիր չէ ԱՄՆ-ին դիմել փախստականի կարգավիճակ ստանալու համար:

«Կանադան հյուրընկալ է: Միացյալ Նահանգները թվում է այսպես չէ: Այստեղ մարդիկ հարգում են միմյանց, բազմամշակութային միջավայր կա: Իմ բոլոր ընկերները հիմա հարցնում են Կանադայի մասին, հետաքրքրվում են՝ ինչպես կարող են այստեղ գալ: Երկու շաբաթից մեկ ուրիշ չվերթ է լինելու, որով ևս գալու են մի քանի ընկերներս»,- ասել է նա:

Reuters-ը գրում է՝ փախստականները և անհատ հովանավորները իրենց ոգևորությունն են հայտնում, որ Հորդանանի ու Լիբանանի փախստականների ճամբարներում անվտանգության և առողջապահական ստուգումներից հետո ներգաղթյալների առաջին խմբերը ժամանում են Կանադա: