12 դեկտեմբերի 2015 - 14:07 AMT
Շաբաթն առաջնագծում. ՊԲ առաջապահ զորամասերը պատժիչ գործողություններ են ձեռնարկել

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 15000 կրակոց: Նշված ժամանակահատվածում հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանքներ:

Դեկտեմբերի 8-ին, կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ, ադրբեջանական զինուժը տանկից արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:

Հաշվի առնելով ստեղծված իրադրությունը՝ ՊԲ առաջապահ զորամասերը պատժիչ գործողություններ են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար և ոչնչացրել ադրբեջանական զինուժի՝ առաջնագծին մոտ տեղակայված ռազմական մի քանի կարևոր օբյեկտներ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (11 արկ), 82 (66 արկ), 120 (14 արկ) միլիմետրանոց ականանետերից և ՀԱՆ-17 (16 արկ) տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1100 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (35 կրակոց):

Հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995-ին ծնված Կարեն Արմենի Գրիգորյանը: