12 դեկտեմբերի 2015 - 14:37 AMT
Միգրացիայի բնագավառում ՀՀ բարեփոխումները ներկայացվել են Բրյուսելում

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում տեղի է ունեցել Շարժունակության շուրջ գործընկերության ՀՀ-ԵՄ բարձրաստիճան հանդիպումը, որր նպատակն էր քննարկել դեռևս 2011-ին Հայաստանի, Եվրամիության ու նրա անդամ տաս պետության միջև ստորագրված համատեղ հռչակագրի իրականացման գործընթացը:

ՀՀ պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն ծառայության պետը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, արտաքին գործերի նախարարությունների և ԵՄ-ում ՀՀ առաքելության ներկայացուցիչները, գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:

Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի գլխավոր տնօրինության, ԵՄ անդամ պետությունների և շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների ընթացքում հայկական կողմը ներկայացրել է միգրացիայի բնագավառում Հայաստանում իրականացված բարեփոխումները, կարևորվեցին մարդկանց միջև շփումների շարունակական խրախուսումը, վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հնարավոր մեկնարկը, ԵՄ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված ծրագրերը:

Հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագրի իրականացման առաջընթացն ու պայմանավորվել առավել համակարգված դարձնել ներգրավված կառույցների և կազմակերպությունների աշխատանքն, ապագա նախաձեռնություններն ու ծրագրերը: