5 դեկտեմբերի 2006 - 16:47 AMT
Ղարաբաղյան հակամարտությունը Երեւանին ու Բաքվին պահում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանին ու Ադրբեջանին պահում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում: Այդ մասին ասվում է քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը ԱՄՆ պատվիրակության նախագահ Նիկոլաս Բերնսի հայտարարության մեջ: «Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը խոչընդոտում է հարյուր հազարավոր գաղթականների եւ ստիպված վերաբնակների վերադարձին: Այդ հակամարտությունը պահում է Ադրբեջանին եւ Հայաստանին «ոչ պատերազմ, որ խաղաղություն» վիճակում` նրանց սահմանները թողնելով փակ եւ տարեց տարի խորացնելով հարեւան բնակչությունների օտարումը»,- գտնում է ԱՄՆ ներկայացուցիչը: «Մենք շնորհակալություն ենք հայտնում Ռուսաստանին, Ֆրանսիային եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Մենք զարգացրել ենք խելամիտ մոտեցումը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ, ինչը խոստանում է հանգեցնել հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով: Մեր կազմակերպությունն այժմ պետք է կոչ անի այդ երկրների ղեկավաարներին համաձայնության գալ»,- նշել է Ն. Բերնսը, հայտնում է «Թրենդը»: