15 դեկտեմբերի 2015 - 14:09 AMT
Պուտինը վավերացրել է ԱՊՀ ինտեգրված արժութային շուկայի մասին համաձայնագիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԱՊՀ ինտեգրված արժութային շուկայի ստեղծման մասին համաձայնագրի վավերացման վերաբերյալ օրենքը: Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

ԱՊՀ երկրների ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման ոլորտում համագործակցության մասին համաձայնությունը ձեռք է բերվել նպատակ ունենալով պայմաններ ստեղծել ռեզիդենտ բանկերի իրավահավասար և փոխշահավետ մասնակցության համար ինտեգրված արժույթով միջբանկային կոնվերսիոն գործողություններ կատարելու համար: Փաստաթուղթը ստորագրվել է 2012-ի դեկտեմբերի 5-ին Աշխաբադում Ղազախստանի, ՀՀ, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի մասնակցությամբ:

Պայմանագրով նախատեսվում է կողմերի ներկայացուցիչ բանկերի ուղղակի մասնակցություն միմյանց ներքին արժութային շուկաներում միջբանկային կոնվերսիոն գործողությունների համար իրավական ռեժիմի պայմաններով, որոնք պակաս բարենպաստ չեն, քան ազգային առևտրային բանկերի համար: Դա պետք է նպաստի արտաքին առևտրում ազգային արժույթների կիրառման ընդլայնմանը և ֆինանսական ծառայությունների տրամադրմանը, ինչպես նաև նախադրյալներ ստեղծելուն ազգային արժույթների շուկաների լիկվիդայնության բարձրացման համար:

Արդյունքում պայմաններ կստեղծվեն, որոնց առկայության դեպքում ազգային արժույթների շուկաներն առավելագույն զարգացումը կստանան, նախադրյալներ կառաջանան համաձայնեցված արժութային քաղաքականության համար, որն ուղղված կլինի առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության երկարաժամկետ ռազմավարությունների իրականացման համար լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև ընդհանուր մակրոտնտեսական կայունության ապահովմանը տարածաշրջանում:

Համաձայնության վավերացումն ու իրականացումը կնպաստեն ԱՊՀ երկրների հետագա տնտեսական համագործակցությանն ու ԱՊՀ շրջանակներում ինտեգրման խորացմանը, հայտնում է Gazeta.ru-ն: