15 դեկտեմբերի 2015 - 14:34 AMT
Եվգենի Կիսինը հաստատել է. Նա համերգ չի տա Թուրքիայում, քանի դեռ վերջինս չի ճանաչել Ցեղասպանությունը

Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ելույթ չի ունենա Թուրքիայում այնքան ժամանակ, քանի դեռ նրանց կառավարությունը 1915 թվականի հայերի զանգվածային կոտորածները չի ճանաչել որպես ցեղասպանություն:

«Իմ անձնական համոզմունքն է, որ եթե մարդիկ այդպիսի պետություններում իմանան, որ երաժիշտներից շատերը հրաժարվում են ելույթ ունենալ իրենց երկրներում, քանի որ մտահոգված են իշխանությունների գործողությամբ, դա կբարձրացնի իրազեկվածության մակարդակը մտավորականության շրջանում»,-ասել է նա:

Կիսինը հավելել է, որ չի դատապարտում իր այն գործընկերներին, որոնք հանդես են գալիս բռնատիրական երկրներում: «Դա նրանց ընտրությունն է»,-պարզաբանել է երաժիշտը, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Երաժշտական գրեթե բոլոր մրցանակներին և պարգևներին արժանացած ռուս դաշնակահար Եվգենի Կիսինը 2 տարի առաջ պատմել էր` Թուրքիայից հրավերներ չի ընդունում, քանի որ այդ երկիրը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: 100-րդ տարելիցի կապակցությամբ նա ապրիլի 2-ին Երևանում մենահամերգ տվեց ու իր հոնորարի կեսը փոխանցեց Բյուրականում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նորաբաց ակադեմիային՝ ռոյալ գնելու համար:

«Հայաստանում ինձ հարցրին, թե պատրաստ եմ արդյոք միջազգային հանրությանը կոչ անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իմ պատասխանն է՝ այո, իհարկե պատրաստ եմ: Կփորձեմ ավելի մանրամասն տեղեկանալ, թե կոնկրետ ինչ քայլեր պետք է ձեռնարկեմ այդ ուղղությամբ»,- ասել էր նա:

Առհասարակ Կիսինը զուտ քաղաքական նկատառումներից ելնելով չի այցելում շատ երկրներ: Այդ երկրներից է, օրինակ, Չինաստանը, որովհետև նա բավական երկար է ապրել « կարմիր գույնի տակ»:

Կիսնիը ծնվել է 1971 թ. Մոսկվայում, ռուսաստանցի հրեաների ընտանիքում։ Վեց տարեկանում ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական դպրոցին կից շնորհալի երեխաների հատուկ քոլեջը՝ աշակերտելով Աննա Պավլովնա Կանտորին, որը նրա միակ ուսուցիչն է։

Տասը տարեկան հասակում կատարել է իր դեբյուտը՝ նվագելով Մոցարտի Դաշնամուրի թիվ 466 կոնցերտը, իսկ մեկ տարի անց Մոսվկայում հանդես եկել մենահամերգով։

Նա միջազգային ուշադրության է արժանացել 1984-ի մարտին, 12 տարեկան հասակում՝ կատարելով Շոպենի Դաշնամուրի թիվ 1 և 2 կոնցերտները Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում: 1987-ին կայացել է Կիսինի արևմտաեվրոպական դեբյուտը Բեռլինի փառատոնում։

1988 թ. շրջել է Եվրոպայում «Մոսկվայի վիրտուոզներ» անսամբլի և Վլադիմիր Սպիվակովի հետ, կայացել է նաև լոնդոնյան դեբյուտը՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։ Նույն տարի դեկտեմբերին նա հանդես է եկել Հերբերտ ֆոն Կարայանի և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Ամանորի համերգին։ 1990 Կիսինը կատարել է իր առաջին BBC Promenade համերգը Լոնդոնում և նույն տարի առաջին անգամ հանդես եկել Հյուսիսային Ամերիկայում:

Կիսինն արժանացել է բազմաթիվ երաժշտական պարգևների և պատիվների։ Նա առաջինն դաշնակահար էր, որ հրավիրվել է համերգով հանդես գալու BBC Proms դասական երաժշտության փառատոնում (1997)։ 2000 թ. համերգաշրջանում եղել առաջինը, որ երբևէ հրավիրվել է՝ որպես համերգային մենակատար հանդես գալու Proms-ի բացման համերգին։

Կիսինն արժանացել է Էդիսոն կլասիկ (Նիդեռլանդներ), «Գրեմի», «Ոսկե դիապազոն», Ֆրանսիայի Ձայնասկավառակների նոր ակադեմիայի գլխավոր և այլ մրցանակների։