15 դեկտեմբերի 2015 - 13:51 AMT
ՀՀ-ն ներկայացնող Դիանա Ադամյանը Չայկովսկու անվան մրցույթի 2-րդ մրցանակն է ստացել

Հայաստանը ներկայացնող ջութակահարուհի Դիանա Ադամյանն արժանացել է Չայկովսկու անվան IX միջազգային պատանեկան մրցույթի երկրորդ մրցանակին, հաղորդում է Զարգացման միջպետական կորպորացիայի մամուլի ծառայությունը։

2015 թ. դեկտեմբերի 15–ին Ա.Մ. Կացի անվան պետական համերգասրահում տեղի կունենա Պ. Իլ. Չայկովսկու անվան IX միջազգային պատանեկան մրցույթի հաղթողների և դափնեկիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանը, որը ևս ներկայացնում էր Հայաստանը մրցույթում, պարգևատրվել է հատուկ դիպլոմով, հայտնում է «Նովոստի Արմենիան»։

Չայկովսկու անվան IX միջազգային պատանեկան մրցույթն անցկացվում է Նովոսիբիրսկում դեկտեմբերի 5–15–ը։ Մրցույթին մասնակցում է 23 երկիր ներկայացնող 115 երիտասարդ երաժիշտ` Ռուսաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Լյուքսեմբուրգից, Դանիայից, Խորվաթիայից, Ռումինիայից, Կորեայից, Չինաստանից, Ճապոնիայից, Մոնղոլիայից, ԱՄՆ–ից, Կանադայից, Իսրայելից և Ավստրալիայից։

Մրցույթի ժյուրիի կազմում ներառված էր 29 երաժիշտ` Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Շվեդիայից, Հունգարիայից, Իսրայելից, Չինաստանից, Կորեայից, Ճապոնիայից և ԱՄՆ–ից։ Հայաստանը մրցույթի ժյուրիի կազմում ներկայացնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Չայկովսկու անվան IX միջազգային պատանեկան մրցույթը հիմնվել է 1992-ին, այն խոշորագույն պրոֆեսիոնալ մրցույթն է մինչև 17 տարեկան երիտասարդ երաժիշտների համար։