15 դեկտեմբերի 2015 - 15:04 AMT
ՌԴ Պետդումայի փոխխոսնակ. Ադրբեջանցիները պարտավոր կլինեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը

2015-ը Օսմանյան կայսրությունում ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցի տարին է: Այդ մասին Haqqin.az-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Նիկոլայ Լևիչևը, որը նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի համահեղինակն է:

«Ցանկանում եմ մեջբերել Հռոմի պապի խոսքերը, նա հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը դարձավ XX դարի առաջին ցեղասպանությունը: Ամբողջ տարվա ընթացքում տեղի են ունեցել այդ ողբերգության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ապրիլին այցելեցին Երևան և մասնակցեցին սգո միջոցառումներին: Նույն ամսում իմ գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մասնակցեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովին»,-ասել է ռուս պատգամավորը:

Նա հիշեցրել է, որ 2014-ի նոյեմբերին «Արդար Ռուսաստանը» միջազգային գիտաժողով էր հրավիրել, որի խորագիրն էր` «Ցեղասպանությունը ժողովրդների պատմական հիշողության մեջ և ժամանակակից տեղեկատվական պատերազմներում»: Բացի այդ, ապրիլի 15-ին Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև ընդունեց` հորդորելով Թուրքիային ճանաչել այդ ոճրագործությունը: «Ուստի 2015-ի տրամաբանական ավարտը կարելի է համարել 100-ամյա վաղեմության ողբերգության ժխտումը քրեականացնելու մասին մեր նախաձեռնությունը»,-ասել է Լևիչևը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե «Ռուսաստանի կազմում եղած թրքական հանրապետությունները ևս ընդհանուր առմամբ չեն ճանաչում 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն»` Լևիչևը հակադարձել է. «Առաջին անգամ եմ լսում, թե Բաշկորտոստանը կամ Թաթարստանը չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Ավելին, Ռուսաստանը Պետդումայի որոշմամբ դեռևս 1995-ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

Անդրադառնալով Ցեղասպանության ժխտման համար քրեական պատժին` ռուս պատգամավորն ասել է. «Ինչ վերաբերում է ՌԴ քաղաքացի ադրբեջանցիներին, ապա նրանք պետք է ապրեն ՌԴ օրենքներով: Եթե այդ օրինագիծն ընդունվի, այն պարտադիր կլինի կատարման համար Ռուսաստանի բոլոր քաղաքացիների համար անկախ ազգային կամ կրոնական պատկանելությունից: Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղաքացիներին, որոնք գալիս են Ռուսաստան աշխատելու կամ սովորելու, ապա նրանք պարտավոր են հարգել կացության երկրի օրենքները: Ինչի՞ մասին է խոսքը: Նրանք պարտավոր կլինեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

Նոյեմբերի 25-ին Ռուսաստանի Պետական դումայում Հայոց ցեղասպանության հերքման համար պատասխանատվության վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել: Օրինագծի համահեղինակներն են Սերգեյ Միրոնովը և Նիկոլայ Լևիչևը:

Ըստ օրինագծի, Հայոց ցեղասպանությունը ժխտելու կամ կատարված ոճիրն արդարացնելու համար առաջարկվում է տուգանք մինչև 300 հազար ռուբլի կամ աշխատավարձի չափով մինչև 2 տարի ժամկետով, կամ ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով: Եթե դա արվել է ԶԼՄ-ների միջոցով, ապա տուգանքի վերին շեմն առաջարկվում է սահմանել 500 հազար ռուբլու չափով: Ազատազրկումն այդ դեպքում կսահմանվի մինչև 5 տարի ժամկետով: ՌԴ Պետդուման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1995-ին: