16 դեկտեմբերի 2015 - 14:33 AMT
ԵՄ ներկայացուցիչ. Միության բոլոր անդամները համաձայն են երկարացնել ՌԴ դեմ պատժամիջոցները

Եվրամիության բոլոր անդամ երկրները համամիտ են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները ևս կես տարով երկարացնելու անհրաժեշտության հարցում, այն չի քննարկվելու ԵՄ գագաթնաժողովում: Այդ մասին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Ես քննարկում չեմ ակնկալում: Ինչու եմ այդպես ասում, թեև կարող եմ սխալվել, որովհետև հիմնվում եմ ներկայացուցիչների միջև բանակցությունների վրա»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը, որը, սակայն, չի ցանկացել հրապարակել անունը:

Նա նշել է, որ «բոլոր անդամ երկրները վստահ են, որ մարտ ամսվա եզրակացությունները, որոնք պարզ կապ են ենթադրում Մինսկի համաձայնությունների իրականացման և պատժամիջոցների երկարացման միջև, նախկինի պես գործում են»: «Դա նշանակում է, որ անդամ 28 երկիրը կողմ է պատժամիջոցների երկարացմանն առաջիկա 6 ամսվա համար»,-հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը:

Նա հիշեցրել է, որ «պատվիրակություններից մեկը բարձրացրել է այդ հարցը, որն արտացոլվել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի նամակում: Այս հարցում մենք փոխհամաձայնություն ունենք, որը կարտահայտվի օրենսդրական գործընթացում, դեկտեմբերի 17-ի օրվա երկրորդ կեսին: Կարծում եմ, որ Coreper նիստը կանցնի դեկտեմբերի 17-ին գագաթնաժողովից հետո»,-ասել է պաշտոնյան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ-ն, Եվրամիությունը և մի շարք այլ պետություններ 2014-ի մարտից մի քանի անգամ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ: Սահմանափակումներն այն ռուսական ընկերությունների համար են, որոնք գործում են հիմնականում էներգետիկ, ֆինանսական և պաշտպանության ոլորտներում: Պատժամիջոցներ են սահմանված նաև ՌԴ առանձին անձանց դեմ: Պատժամիջոցների ժամկետը սպառվում է 2016-ի հունվարի վերջում: Սահմանափակող միջոցների երկարացման համար հարկավոր է ԵՄ բոլոր 28 պետությունների համաձայնությունը: Ռուսաստանը բազմիցս է հերքել իր մասնակցությունը Ուկրաինայի հարավ-արևելքում ծավալված հակամարտությանը:

Հոկտեմբերի սկզբին Եվրամիությունը մասնակիորեն մեղմացրեց Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները: պատժամիջոցների Եվրամիության ցանկից հանվել են հրթիռային վառելիքի բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են եվրոպական տիեզերական առաքելությունների իրականացման, ինչպես նաև եվրոպական երկրներում արբանյակների գործարկման համար: