6 դեկտեմբերի 2006 - 18:13 AMT
«ՎիմպելԿոմի» կողմից «ԱրմենՏելի» գնման հարցում քաղաքական ենթատեքստ չի եղել
«ՎիմպելԿոմ» ռուսական ընկերության կորպորատիվ զարգացման գծով փոխնախագահ Վլադիմիր Ռյաբոկոնը հերքում է քաղաքական ենթատեքստը «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 90 տոկոսի ձեռք բերման գործարքում: Չորեքշաբթի Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Վ.Ռյաբոկոնն ընդգծել է, որ հունական OTE ընկերության ներկայացուցիչների հետ բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել կառավարական կառույցների հետ ցանկացած շփում բացառելու վերաբերյալ: «Մենք վճարեցինք «ԱրմենՏելի» բաժնետոմսերի համար ավելին, քան ակնկալում էինք»,-ասել է Վ.Ռյաբոկոնը` նշելով, որ «ՎիմպելԿոմի» համար այս գործարքը ամենամեծն էր Ռուսաստանի սահմաններից դուրս: Միեւնույն ժամանակ, փոխնախագահը նշել է, որ ռուսական ընկերությունը տեղեկություններ չի ունեցել «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսը գնելու վերաբերյալ մրցույթի այլ մասնակիցների առաջարկների մասին, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: