18 դեկտեմբերի 2015 - 11:46 AMT
Հակառակորդը մի շարք նոր դիվերսիաներ է ձեռնարկել. Հայկական կողմը 2 զոհ ունի

Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը` հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով` դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների: Վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և անցել պաշտպանական մարտերի: Ադրբեջանական գրոհայինները կորուստներ տալով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:

Ծավալված մերձամարտերի ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հակառակորդի սադրիչ քայլերն անհետևանք չեն մնալու: Պատասխանը լինելու է ցավոտ և անդառնալի կորուստներով լի:

Դեկտեմբերի լույս 17-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր էր ձեռնարկել շփման գծի արևելյան հատվածի 3 ուղղությամբ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստնաշել էին ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, և կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքերը: Նահանջող հակառակորդը գործողությունների վայրում էր թողել հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք միջոցներ:

Ծավալված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կուրուստ չէր ունեցել:

Վաղը՝ դեկտեմբերի 19-ին, աշխատանքային այցով Շվեյցարական Բեռնում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: