18 դեկտեմբերի 2015 - 18:01 AMT
ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանը 5 զոհ ունի, վիրավորներ, որոնցից մեկը՝ մահամերձ

Դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություններ, որոնք, հանդիպելով հայկական կողմի պաշտպանությանը, ձախողվել են, և նախահարձակ հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել:

Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված հավաստի տվյալների, ավելի ուշ հայտնի է դարձել, որ միայն Թալիշի ուղղությամբ ադրբեջանական կողմն առնվազն 3 զոհ ունի և վիրավորներ, որոնցից մեկը գտնվում է մահամերձ վիճակում: Ըստ ՊԲ նույն աղբյուրների, ադրբեջանական զինուժը կորուստներ է կրել նաև հարավային ուղղությամբ՝ տալով 2 զոհ և վիրավորներ:

ՊԲ պատժիչ գործողություններից սարսափած հակառակորդը հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ, դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, կիրառել է զրահատեխնիկա (տանկ):

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և պատրաստ են հարված հասնել ցանկացած սադրանքի:

Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը` հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով` դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների: Վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և անցել պաշտպանական մարտերի: Ադրբեջանական գրոհայինները կորուստներ տալով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:Ծավալված մերձամարտերի ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Գրիգորյանը և Ռուբեն Ալեքսանյանը:

Կարդացեք նաև՝ Հակառակորդը մի շարք նոր դիվերսիաներ է ձեռնարկել. Հայկական կողմը 2 զոհ ունի