19 դեկտեմբերի 2015 - 10:18 AMT
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ. Հայկական կողմը 1 զոհ ունի

Դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են պաշտպանության և հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ), ետ շպրտել իրենց ելման դիրքերը:

Ցավոք, պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները:

Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (143 արկ), 82 (258 արկ), 120 (25 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9 (1 արկ), ՀԱՆ-17 (40 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև զրահատեխնիկա (տանկ` 3 արկ), ԶՈւ-23-2 (2 արկ) տիպի զենիթային և TR-107 (1 արկ) տիպի հրթիռային կայանքներ:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատժիչ գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություններ, որոնք, հանդիպելով հայկական կողմի պաշտպանությանը, ձախողվել են, և նախահարձակ հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել:

Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված հավաստի տվյալների, ավելի ուշ հայտնի է դարձել, որ միայն Թալիշի ուղղությամբ ադրբեջանական կողմն առնվազն 3 զոհ ունի և վիրավորներ, որոնցից մեկը գտնվում է մահամերձ վիճակում: Ըստ ՊԲ նույն աղբյուրների, ադրբեջանական զինուժը կորուստներ է կրել նաև հարավային ուղղությամբ՝ տալով 2 զոհ և վիրավորներ:

ՊԲ պատժիչ գործողություններից սարսափած հակառակորդը հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ, դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, կիրառել է զրահատեխնիկա (տանկ):

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և պատրաստ են հարված հասնել ցանկացած սադրանքի:

Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը` հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով` դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների: Վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և անցել պաշտպանական մարտերի: Ադրբեջանական գրոհայինները կորուստներ տալով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:Ծավալված մերձամարտերի ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Գրիգորյանը և Ռուբեն Ալեքսանյանը: