21 դեկտեմբերի 2015 - 12:58 AMT
Համայնքներում աշխատանքից հրաժարվող շրջանավարտներին կարող են ստիպել վերադարձնել պետության ծախսը

Դեկտեմբերի 21-ին Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նստաշրջանում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին և «Կրթության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որի նպատակն է նպատակային ընդունելության համար ճիշտ մեխանիզմ ստեղծել:

Նախարարն ասել է, որ գործող մեխանիզմը չի արդարացնում իրեն, մանկավարժական, գյուղատնտեսական կադրերով համալրման խնդիրը չի լուծվում: Սկզբում երիտասարդները պետության հաշվին սովորում են՝ վստահեցնելով, որ պետք է գնան և աշխատեն համայնքներում, հետո չեն ուզում և չեն արդարացնում պետության ծախսերը: Համայնքներում մասնագիտական կադրերով ապահովման խնդիրն արդյունքում չի լուծվում, գրում է Aravot.am-ը:

Աշոտյանը տեղեկացրել է, որ հիմա հստակ պահանջ են ուզում ձևակերպել օրենքում, որ եթե շրջանավարտը այս կամ այն պատճառով չի ուզում գործուղվել կառավարության կողմից այս կամ այն բնակավայր որևէ աշխատանքի առնվազն 3 տարի ժամկետով, ապա պարտավոր է վերադարձնել իր համար պետության կողմից ծախսված գումարի կրկնապատիկը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին այս գաղափարը դուր է եկեկ: Նա հարցրեց. «Իսկ եթե չի վերադարձնում գումարը, վճարունակ չի ու չի վերադարձնում, դրա հետևանքները ի՞նչ է լինելու, երբ պետության առջև ստանձնած պայմանագրային պարտավորությունները չի կատարում»: Աշոտյանը պատասխանել, որ դատական կարգով գումարը պետք է վերադարձվի, որովհետև պետությունը ոչ մեկին չի պարտավորեցնում, որ գա ընդունվի հենց այս մեխանիզմով: Այն բացի անվճար սովորելու արտոնությունից նաև մրցութային արտոնություն է տալիս:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն իր ելույթում մտահոգություն է հայտնել նորավարտ մասնագետներին գործուղելու կապակցությամբ:

«Ստացվում է, որ բուհն ավարտածն անընդհատ պարտք է տալիս՝ հայրենիքին, մարզին, գյուղին: Նպատակային ընդունելությամբ եկավ, ստացավ գիտելիքներ, ավարտեց, իսկ ի՞նչ ենք առաջարկում մենք բուհն ավարտած երիտասարդ մասնագետին: Սոցիալական պայմաններ պետք է առաջարկենք, աշխատավարձ պետք է առաջարկենք: Ուղարկում ենք հեռավոր գյուղ՝ ո՛չ տուն կա, ո՛չ տեղ կա: Պետական աշխատավարձը ստանալու է՝ կոպեկներ, բնականաբար, ամեն հնարավոր բան գտնելու է, որ չգնա: Երիտասարդ է, պիտի ամուսնանա, երեխա ունենա, այդ գյուղում ի՞նչ ենք տալու նրան»,- ասսել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ բացի պատժից, որ կրկնապատիկ գումարը պետք է վերադարձնի, մենք պետք է նաև սոցիալական որոշակի երաշխքների ապահովման համակարգ ստեղծել, գրում է Panorama.am-ը: