21 դեկտեմբերի 2015 - 15:00 AMT
Նախկին ցմահ դատապարտյալին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու դեպքով քրգործ է հարուցվել

Քաղաքացի Զինա Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ցմահ ազատազրկման դատապարտված որդին՝ Սողոմոն Քոչարյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում՝ 2006-ից սկսած, պարբերաբար բողոքել է ծանր առողջական վիճակից, սակայն ՀՀ քրեակատարողական վարչության բուժսպասարկման ծառայողները և հիշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել իր որդուն հետազոտելու, հնարավոր հիվանդությունները հայտնաբերելու և դրանց զարգացումը կանխելու համար:

Վերջիններս պատշաճ բուժօգնություն չցուցաբերելով՝ տարիներ շարունակ այդ կերպ անմարդկային վերաբերմունք են դրսևորել որդու նկատմամբ, որի հետևանքով Ս. Քոչարյանի մոտ ծանր հիվանդություն է առաջացել, ինչն էլ հանգեցրել է նրա մահվան:

Քաղաքացի Զինա Կ.-ի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 22-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ որոշել է հիվանդության պատճառով ազատ արձակել ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին: Սա ՀՀ-ում ցմահ դատապարտյալի ազատ արձակման առաջին դեպքն էր: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ներկայացրած բժշկական փաստաթղթեր համաձայն, Քոչարյանը ունի մի քանի հիվանդություններ, որոնք, իսկապես, անհամատեղելի են պատժի հետագա կրման հետ: Դատախազը չառարկեց միջնորդությանը և ասաց, որ այն ենթակա է բավարարման:

Սողոմոն Քոչարյանը միայն էջ օր ապրեց ազատության մեջ. Նա մահացել է նոյեմբերի 8-ին:

Սողոմոն Քոչարյանը 20 տարի էր անազատության մեջ, պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ է, հետախույզ է, 1995-ին մահապատժի է դատապարտվել՝ Հայաստանում Իրանի քաղաքացի Փուր Միրզա-Բեկի սպանության համար: 2003-ին ՀՀ նախագահի հրամանագրով այդ դատավճիռները փոխարինվել են ցմահ ազատազրկմամբ։ Տառապում է սրտի իշհեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշհեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անևրիզմա, կանգային թոքաբորբ: Կառավարության համապատասխան որոշմամբ նման հիվանդությունների դեպքում դատապարտյալը ենթակա է պատժից ազատման:

2003-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է Քրեական oրենսգրքի նոր նախագիծ, ըստ որի երկրում վերացել է մահապատիժը: Նոր Քրեական օրենսգրքում, որը ուժի մեջ է մտել 2003-ի օգոստոսի 1-ից, պատժի առավելագույն չափ է սահմանվում ցմահ բանտարկությունը: Դրանից առաջ ՀՀ-ում մահապատիժ չի իրականացվել: