21 դեկտեմբերի 2015 - 17:51 AMT
Սերժ Սարգսյանը քննադատել է ՀԱՊԿ-ը դաշինքի մոսկովյան գագաթնաժողովի ընթացքում

Ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցած Թուրքիայի դիրքորոշումը չի նպաստում ահաբեկչության դեմ պայքարին և իրավիճակի կարգավորմանը Սիրիայում: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը Մոսկվայում մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի նիստը վարում է Սերժ Սարգսյանը, քանի որ ներկայումս կազմակերպության նախագահողը Հայաստանն է: ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարները այսօր քննարկել են միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք խնդիրներ:

«Մենք քննարկել ենք թուրքական զինուժի կողմից խոցված Սու-24-ի հետ կապված միջադեպը: Թուրքիայի այս քայլը ոչ մի կերպ չի նպաստում ահաբեկչության հակազդեցության գործում միջազգային ուժերի համախմբմանը, իրավիճակի կարգավորմանը Սիրիայում և խաղաղության հաստատմանը տարածաշրջանում»,-ասել է Սարգսյանը նիստում:

Նախագահը մատնանշել է նաև միջադեպին հետևած ՆԱՏՕ դաշինքի որդեգրած միասնական դիրքորոշումը: «Խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված իրավիճակի զարգացման մեջ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես է տեղի ունենում գործուն ռազմաքաղաքական դաշինքների ձևավորումը: ՆԱՏՕ-ի երկրների՝ ներառյալ, օրինակ, Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային, ակնհայտորեն ցույց է տալիս, որ «մեկը բոլորի և բոլորը՝ մեկի համար» սկզբունքը հանդիսանում է նման կառույցների արդյունավետության պարտադիր պայման: Նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիայի գործողությունները հակասում էին բարեկամության և բարիդրացիության բոլոր նորմերին ու սկզբունքներին, նույնիսկ այն դեպքում, երբ այն խոցել էր ահաբեկչության դեմ պայքարող միջազգային հանրության համար կարևորագույն մարտական հանձնարարություն իրականացնող ինքնաթիռ, ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր կասկածի տակ չդրեց թուրքական կողմի գործողությունը: Մենք պետք է դրանից դասեր քաղենք», - ընդգծել է ՀՀ նախագահը:

«Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը», - ասել է նա։

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է Սիրիայում ռուս զինծառայողներին սպառնալիքի դեպքում ծայրահեղ կոշտ գործել: «Ռուսական խմբավորմանը կամ ցամաքային ենթակառուցվածքներին սպառնացող ցանկացած թիրախ ենթակա է անհապաղ ոչնչացման»,-ասել է Պուտինը ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում: