22 դեկտեմբերի 2015 - 18:29 AMT
Դավութօղլու. Թուրքական ռազմական ներկայությունն Իրաքում կպահպանվի մինչև Մոսուլի ազատագրումը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական ռազմական ներկայությունն Իրաքում կպահպանվի մինչև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլի ազատագրումը,

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկիրը շարունակելու է Իրաքի Նայնավա նահանգի Բաշիքա ճամբարից թուրքական զորքերի դուրսբերումը, իսկ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը նշել է, որ Բաշիքայի զորակազմի մի մասը տեղափոխվել է այլ շրջան, և իրաքյան կառավարությունը դրական է գնահատել այդ որոշումը, ՌԻԱ Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

«Մենք աջակցություն ենք ցույց տալիս տեղի փեշմերգաներին ու կամավորներին, և դա անելու ենք այնքան, քանի դեռ չի ազատագրվել Մոսուլն ու քանի դեռ Իրաքում առկա է ահաբեկչական սպառնալիքը»,- հայտարարել է Դավութօղլուն՝ Անկարայում «Արդարություն և զարգացում» խմբակցության նիստի ընթացքում:

Դեկտեմբերի 4-ին թուրքական իշխանությունները 130 զինվորական են գործուղել Մոսուլի շրջան` վարժեցնելու համար իրաքցի քրդերի մարտիկներին: Զորակազմում ներգրավվծ է նաև զրահատեխնիկա: Բաղդադը գնահատել է դա որպես Իրաքի ինքնիշխանության խախտում: «Թուրքիայի զինված ուժերը, որոնք տեղակայված էին Մոսուլի հարևանությամբ, ներխուժել են երկիր առանց համաձայնեցման և պետք է անհապաղ դուրս բերվեն»,-ասվում էր Իրաքի վարչապետի հայտարարության մեջ:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ էր արել Թուրքիայի նախագահ Էրդողանին հարգել Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և հատուկ միջոցներ ձեռնարկել մեղմելու համար լարվածությունը, այդ թվում դուրս բերելով թուրքական զորքն Իրաքի տարածքից: