23 դեկտեմբերի 2015 - 11:11 AMT
Ադրբեջանը գնդակոծել է Բաղանիսը և Ոսկեվանը

Ադբեջանական զինուժի հենակետերից դեկտեմբերի 22-ին՝ ժամը 21.30-ից մինչև 23.45-ը ընդհատումներով գնդակոծել են Բաղանիս գյուղը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

«Մեր բանակի համապատասխան գործողություններից հետո կրակը դադարել է: Տուժածներ բնակչության շրջանում չկան: Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը բաց է, ավոտմեքենանները երթևեկում են վերը նշված վայրով»,- նշել է գյուղապետը:

Ադրբեջանի զինուժը դեկտեմբերի 22-ին կրակել է նաև Ոսկեվանի վրա. ժամը 21.30-ից մինչև 21.57-ը Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից «Ուտյոս» տեսակի զենքից կրակ է բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվանի ներքին թաղի, գյուղի սկզբնամասի վրա: Գյուղի բնակիչները խուճապի չեն մատնվել, վնասների մասին տեղեկություններ չկան, գրում է Aravot.am-ը:

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան և Բաղանիս գյուղերը գնդակոծության էին ենթարկվել նաև սեպտեմբերի 1-ին, նոյեմբերի 5-ին: Իսկ սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել է երեք կին, ևս երկու գյուղացի վիրավորվել: