Ավտոգազալիցքավորման ճնշակայաններում վերջերս հաճախակի դարձած պայթյունների առաջացման պատճառների վերացման նպատակով՝ կառավարությունը դեկտեմբերի 24-ի նիստում հաստատել է ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը:
Որոշման հիմնավորման համաձայն, այս ոլորտում ներկայումս առկա են մի շարք խնդիրներ՝ կապված ԱԳԼՃԿ-ներին և գազաբալոններին ներկայացվող անվտանգության նորմերի և դրանց ապահովման մեխանիզմների սահմանման, ինչպես նաև նոր արտադրված և ներմուծվող գազաբալոններին ներկայացվող անվտանգության նորմերի և դրանց ապահովման մեխանիզմների սահմանման հետ, որոնց լուծման նպատակով համապատասխան հանձնարարականներ են տրվել նաև ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններին, ինչպես նաև ՀՀ ոստիկանությանը:
Տեխնիկական կանոնակարգի նպատակն է սահմանել կիրառման համար միասնական, պարտադիր պահանջներ` ՀՀ տարածք ներմուծվող, ՀՀ տարածքում արտադրվող և (կամ) շուկայահանված ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգերի համար: Կանոնակարգով սահմանվում են նաև պահանջներ ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգի համար՝ մարդու կյանքի և առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանական և բուսական աշխարհի պահպանության, ինչպես նաև ռեսուրսախնայողության նպատակներով:
2015-ի ընթացքում հանրապետությունում գազի պայթյունի չորս դեպք է գրանցվել. 1-ը՝ Երևանում, մեկն Արմավիրի մարզում, ևս 2-ը՝ Կոտայքի մարզում: Պայթյունների հետևանքով 3 մարդ էր զոհվել, 3-ը վիրավորվել էին, ընդ որում պայթյուններից 3-ի դեպքում պատճառն ավտոմեքենաներում տեղադրված գազաբալոնն էր:
Կարդացեք նաև՝ ՏԿԱԻՆ. Մինչև 2015-ի ավարտը փորձաքննություն չանցած գազալցակայան չի մնա