25 դեկտեմբերի 2015 - 16:06 AMT
Հակառակորդը խախտել է համեմատաբար հանգիստը. ԼՂՀ-ում հայ զինվոր է զոհվել

Վերջին երկու օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված համեմատաբար հանգիստ վիճակը դեկտեմբերի 25-ին կրկին խախտվել է ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությամբ: Ժամը 13:00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997-ին ծնված Կարեն Սիսակի Աքուլյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Վերջին շրջանում թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, թե հայ-ադրբեջանական սահմանին անհանգիստ էր: Հակառակորդը շարունակ կրակի տակ էր պահում հայկական դիրքերը, դիվերսիայի բազմաթիվ փորձեր ձեռնարկում: Դեկտեմբերի 24-25-ին իրավիճակը մի փոքր հանգստացել էր, հակառակորդի կրակոցների թիվն էլ կրճատվել:

Դեկտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է առաջնագծում հաստատված հարաբերական անդորրը:Նշված ժամանակահատվածում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 500 կրակոց:ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և առաջնագծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: