Սիրիական Զաբադանի քաղաք «շտապ օգնության» մեքենաներ և ավտոբուսներ են ժամանել ընդդիմադիր խմբավորումների մասնակիցներին և նրանց ընտանիքների անդամներին տարհանելու համար, հայտնում է BBC-ին: Տարհանումն անցնում է ՄԱԿ հովանու ներքո` դեռևս սեպտեմբերին Դամասկոսի և ընդդիմության միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում: Համաձայնությունը վերաբերում է Զաբադանիին, ինչպես նաև Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող 2 բնակավայրի:
Ըստ պլանի, Լիբանանին սահմանակից Զաբադանիից նրանց տեղափոխում են Բեյրութ, որտեղից մարտիկներն ինքնաթիռով կտարհանվեն Թուրքիա:
Ըստ թուրքական Daily Sabah-ի, Իդլիբի գավառի 2 այլ բնակավայրից, որոնք շրջապատված են կառավարական զորքերով, տարհանվելու է մոտ 300 ընտանիք: Նրանք կուղևորվեն դեպի Թուրքիայի սահման, հետո ինքնաթիռով կմեկնեն Բեյրութ, հայտնում է Ինտերֆաքսը:
Սիրիայում հակամարտ երկու կողմերի միջև լոկալ հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք են բելեր ՄԱԿ-ն ու օտարերկրյա պետությունները: «ՄԱԿ-ն ու օտարերկրյա կառավարությունները փորձում են պայմանավորվել լոկալ հրադադարի և անվտանգ միջանցքների մասին, որոնք պետք է քայլեր լինեն, ուղղված Սիրիայում քաղաքացիական պատերազմի դադարեցմանը, որը 5 տարում ավելի քան 250 հազար մարդու կյանք է խլել»,-գրել է Reuters-ը:
Սիրիայի կառավարությունը ևս փորձում է նման բանակցություններ վարել: «Ավելի վաղ Սիրիայի կառավարության ներկայացուցիչները հայտնեցին, որ հաջողվել է պայմանավորվել ապստամբների հետ այն մասին, որ նրանք կհեռանան Հոմս քաղաքի իշխանությունների կողմից չվերահսկվող թաղամասից»,-նշում է գործակալությունը: