30 դեկտեմբերի 2015 - 12:03 AMT
ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը որպես միջնորդ օգտագործում է բոլոր մատչելի գործիքները ղարաբաղյան կարգավորման համար

Ռուսաստանն օգտագործում է բոլոր մատչելի գործիքներն՝ աջակցելու համար ղարաբաղյան հակամարտության կողմերին, ներառյալ բարձր մակարդակի հանդիպումները: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարեկան ամփոփիչ հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բարդ իրավիճակում ՌԴ-ն ակտիվ դերակատարություն է ունեցել հակամարտության կողմերին միջնորդական աջակցության հարցում՝ բոլոր հնարավոր գործիքներն օգտագործելով այդ նպատակով: Համապատասխան նախաձեռնությունները քննարկվել են ՌԴ նախագահի Երևան ապրիլյան այցի և Բաքու հոկտեմբերին կատարած այցի ժամանակ, ինչպես նաև ապրիլին ՀՀ ԱԳ նախարարի և մայիսին Ադրբեջանի ԱԳ նախարարի Մոսկվա կատարած պաշտոնական այցերի ժամանակ», ասվում է փաստաթղթում:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների Բելգրադում կայացած ԱԳՆԽ նիստում ընդունված հայտարարության մեջ կողմերին կոչ է արվում հաստատել հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը և շարունակել աշխատանքն, ուղղված համապարփակ կարգավորմանն առկա առաջարկների հիման վրա»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով համատեղ հայտարարություն են տարածել: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Եվրոպայի հարցերով Ֆրանսիայի պետնախարար Հարլեմ Դեսիրի հայտարարության մեջ ասվում է.

«Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու գաղափարին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Վերջին շրջանում գրանցված սրացման ֆոնին մենք կողմերին կոչ ենք անում վերահաստատել հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունն ու ցրել թյուրըմբռնումը, թե իրենք լուրջ չեն խաղաղության հասնելու բանակցություններում։ Կողմերը պետք է շարունակեն 2014 թվականին Սոչիի, Ուելսի ու Փարիզի գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնության տարրերի շուրջ քննարկումները ու 2016 թվականին ակտիվացնեն երկխոսությունը՝ այդ առաջարկների հիման վրա»,-հայտարարել են կողմերը:

Հայտարարության մեջ նշվում է, որ այս տարի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության դեպքերի աճով պայմանավորված՝ ստատուս քվոն անկայուն է դարձել:

«Մենք հատկապես դատապարտում ենք նռնականետերի ու այլ ծանր տեխնիկայի կիրառումն ու ափսոսում ենք, որ դրանց օգտագործման հետևանքով տուժում է խաղաղ բնակչությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և անմեղ մարդկանց տառապանքն ու մահերը արդարացում չունեն: Մենք կողմերին խստագույնս կոչ ենք անում նվազեցնել լարվածությունն ու պաշտպանել մարդկանց կյանքը»,-ասված է հաղորդագրության մեջ, որում նաև կոչ է արվում ընդունել ԵԱՀԿ-ի հետաքննչական մեխանիզմները:

Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչների տարածած հաղորդագրության մեջ կողմերը ողջունում են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ համատեղ գերիների ու անհետ կորածների հարցերում տեղեկություն փոխանակելու ոլորտում գրանցած առաջընթացը: Կոչ է արվում համաձայն 2010 թվականին Աստրախանում ստորագրված համաձայնագրի ազատ արձակել բոլոր գերիներին:

ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչները նշել են, թե անհրաժեշտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև երկխոսություն տեղի ունենա՝ հարևանների միջև փոխվստահության ձևավորման համար:

«Անցած տարի մենք ականատես եղանք համանախագահների ու Մինսկի խմբի ձևաչափի դեմ մեղադրանքների: Եվս մեկ անգամ ցանկանում ենք ընդգծել, որ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որն ընդունել են կողմերն ու որը ձեռք է բերել ԵԱՀԿ-ի բոլոր անդամ երկրների վստահությունը:

Խաղաղ բանակցությունների անհաջողության վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված ցանկացած մեղադրանք հանդիսանում է այն հիմնական տարրը, որը խանգարում է խաղաղության գործընթացին, փորձ է թաքցնելու այն փաստը, որ Ադրբեջանն ու Հայաստանը քաղաքական կամք չեն դրսևորում՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք, որ մեր ընդհանուր նպատակը տևական խաղաղության հաստատումն է և դր ահամար մենք պատրաստ ենք սերտորեն աշխատել կողմերի հետ»,-ասված է հայտարարության մեջ: