5 հունվարի 2016 - 11:44 AMT
Իրանն ու Վրաստանը բանակցում են Հայաստանի տարածքով գազի մատակարարումների շուրջ

Թեհրանը Թբիլիսիի հետ բանակցություններ է վարում Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու շուրջ: Այս մասին հաղորդում է իրանական Press TV-ին` վկայակոչելով Իրանի գազի ազգային ընկերության մենեջմենթի տնօրեն Ալիռեզա Կամելիին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանաը:

Կամելին նշել է, որ պայմանագիրը ստորագրելու համար գազամատակարարումը պետք է տնտեսապես շահավետ լինի Վրաստանի համար: Նախատեսվում է օրական 9-14 միլիոն խորանարդ մետր գազ մատակարարել Վրաստանին՝ հիմնականում էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով: Կամելին նշել է, որ գազամատակարարումը նախատեսված է Վրաստանի կարիքների համար, գազը Եվրոպա չի արտահանվելու:

Վրաստանի էներգետիկայի նախարարությունն իր հերթին հայտնել է, որ դեռևս իրանական կողմի հետ կոնկրետ պայմանավորվածություն չկա: Այդ մասին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը: «Այս փուլում իրանական կողմի հետ կոնկրետ պայմանավորվածություն չկա, և, բնականաբար, չի լուծված նաև բնական գազի առաքումներ սկսելու հարցը: Պետք է նշել, որ Իրանը գազ արտադրող խոշորագույն երկրներից է, և, բնականաբար, շարունակվում են բանակցությունները տարածաշրջանի բոլոր պոտենցիալ առաքողների հետ՝ ապահովելու համար Վրաստանի կայուն և անընդմեջ գազամատակարարումը երկարաժամկետ հեռանկարում», -ասվում է հայտարարության մեջ, հյատնում է apsny.ge-ն: