6 հունվարի 2016 - 11:54 AMT
Բավրա-Նինոծմինդա անցակետն երկկողմանի փակ է, մեքենաների մեծ կուտակումներ են

Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետում վրացի սահմանապահները երեկվանից թույլ չեն տալիս Հայաստանից գնացող մեքենաների մուտքը Վրաստան:

Անցակետում հունվարի 5-ից մնացած անձանցից Մարիան պատմել է, որ իրենք գիշերը ժամը 01:00 հասել են անցակետ, սակայն վրացի սահմանպահները թույլ չեն տալիս հատել սահմանը՝ պատճառաբանելով, որ հրաման ունեն, սակայն թե ինչ հրաման է, չեն մանրամասնում, գրում է Hetq.am-ը։

Սահմանապահներն ասել են, որ առավոտյան կբացեն մուտքը, սակայն մինչ այս պահը տասնյակ մեքենաներ են հավաքվել անցակետում, և որևէ մեկին թույլ չեն տվել մուտք գործել երկիր։

Երևան-Ջավախք-Երևան երթուղին սպասարկող վարորդներից մեկը պատմել է, որ վրացի սահմանապահները հունվարի 5-ին էին փակել ճանապարհը մի քանի ժամով, որովհետև Գորելովկա-Նինոծմինդա հատվածում քամի է լինում և մեքենաներ են արգելափակվում ձյան մեջ։ Այդ պատճառով սահմանապահները հենց մուտքից թույլ չեն տալիս առաջանալ։ Սակայն երբ քամին դադարել է, ճանապարհը մաքրել են, իրենք կարողացել են տեղաշարժվել։

Պարեկայինները Նինոծմինդայից չեն թույլատրում նաև Ջավախքից Հայաստան ուղևորվող մեքենաների շարժը դեպի անցակետ։

Այս պահին անցակետը երկկողմանի փակ է և մեքենաների մեծ կուտակումներ են։

Ձնաբքի պատճառով հունվարի 4-ից փակ է նաև ռուս-վրացական Լարիսի անցակետը։ Վրաստանում այս օրերին առատ ձյուն է տեղում։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աբովյանում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Արարատում, Եղեգնաձորում, Վայքում, Մարալիկում, Գյումրիում, Աշոցքում տեղում է ձյուն:

Բքի, մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Գորիս-Սիսիան, Արթիկ-Մանթաշ, Արթիկ-Մարալիկ, Ապարան-Քուչակ, Սևան-Գավառ, Սևան-Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհները, Արագածի տարածաշրջանի Ծիլքարի հատվածը:

Ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների շնորհիվ բացվել է Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհահատվածը:

Տեսանելիության բացակայության և սաստիկ բքի պատճառով շարունակում են փակ մնալ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է խուսափել նշված դժվարանցանելի ճանապարհներով երթևեկելուց: