Թուրքիայի տարածքով Եվրամիության երկրներ ժամանող փախստականների թիվը բավականաչափ չի նվազել անգամ այն բանից հետո, երբ Բրյուսելը համաձայնել է Անկարային 3 միլիարդ եվրո տրամադրել ներգաղթյալներին տեղավորելու համար։ Այդ մասին գրում է The Financial Times թերթը՝ Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Ֆրանս Թիմերմանսին հղումով։
Պաշտոնյան պատրաստվում է հանգստյան օրերին Թուրքիա այցելել, որպեսզի քննարկի խնդիրը տեղի իշխանությունների հետ: Ֆրանս Թիմերմանսի խոսքով՝ թուրքական իշխանությունները պետք է մեծ ջանքեր գործադրեն նոյեմբերյան պայմանավորվածությունները կատարելու համար։
«Մեզ բացարձակ չեն բավարարում արդյունքները, և մենք կշարունակենք փորձերը, որպեսզի ամբողջությամբ վստահ լինենք, որ ստանում ենք այն արդյունքները, որոնց մասին պայմանավորվել ենք Թուրքիայի հետ»,- ասել է նա:
Այս նկատառումները հնչել են Բեռլինի աճող մտահոգությունների ֆոնին, որ ներգաղթյալների հոսքի զսպման ռազմավարությունը Թուրքիայի օգնության ներգրավմամբ ցանկալի արդյունքը չի տալիս, գրում է Tert.am-ը։
Անկարան հայտարարել է, որ ներգաղթյալների հոսքը կարող է շարունակվել: ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտնել է, որ չի կարող «ոչ մի երաշխիք» տրամադրել և որ ամեն ինչ կախված կլինի Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից։