11 հունվարի 2016 - 19:10 AMT
Վրաստանը ՀՀ առաքվող գազի տրանզիտային վճարը ցանկանում է ստանալ գումարի տեսքով

Վրաստանը ցանկանում է փոփոխել Գազպրոմի հետ նախկինում ունեցած համաձայնությունը և դեպի Հայաստան առաքվող գազի տրանզիտային վճարը ստանալ ոչ թե 10% գազի տեսքով, այլ դրամական արտահայտությամբ: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն՝ մեկնաբանելով Գազպրոմի հետ բանակցությունները:

«Վրաստանի համար շատ կարևոր են այդ բանակցությունները»,- հայտարարել է Կալաձեն Vz.ru-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Կալաձեն մառազմ է անվանել ընդդիմության հայտարարությունները, համաձայն որոնց Վրաստանը զիջում է երրորդ երկրներում անցկացվող բանակցություններում:

Նախարարի խոսքով՝ Վրաստանի և Գազպրոմի միջև կնքված տրանզիտային պայմանագիրը թարմացվում է ամեն տարի, և այս անգամ Թբիլիսին ցանկանում է տրանզիտի դիմաց ստանալ դրամային արտահայտությամբ և ոչ գազով՝ հավելելով, որ առայժմ դրա շուրջ վերջնական համաձայնություն չունեն:

2015-ի դեկտեմբերի 11-ին Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Կախա Կալաձեն` ներկայացնելով Լյուքսեմբուրգում «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ բանակցությունների մանրամասները, հայտնել է, թե Գազպրոմն» առաջարկել է, որ գազի այն 10 տոկոսը, որը Ռուսաստանը թողնում է Վրաստանին Հայաստան առաքվող գազի ծավալից տարանցման համար, փոխհատուցվի ֆինանսապես: Վերջնական որոշում դեռ չի կայացվել: