12 հունվարի 2016 - 11:31 AMT
Ադրբեջանում 4.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. Ցնցումները զգացվել են նաև ՀՀ-ում և ԼՂՀ-ում

Հունվարի 12-ին՝ ժամը 06:39-ին, ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ադրբեջանում գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.230 և արևելյան երկայնության 48.440: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, հայտնում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

Երկրաշարժը զգացվել է Արցախի Ստեփանակերտ, Ասկերան, Հադրութ, Շուշի, Բերձոր քաղաքներում և Սյունիքի մարզի Քաջարան և Կապան քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ:

2015-ի սեպտեմբերի 4-ին ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցն Ադրբեջանում օջախի 30 կմ խորությամբ և 5,3 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցել՝ հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 47.420 աշխարհագրական կոորդինատներով:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: Էպիկենտրոնը գտնվել է 13 կմ խորությամբ՝ Շեքի քաղաքից 29 կմ դեպի հարավ-արևելք: Երկրաշարժը զգացվել էր Հայաստանի մի շարք բնակավայրերում՝ Երևանում (3-4 բալ), Վանաձորում (2-3 բալ), Ստեփանավանում, Կապանում (3 բալ), Իջևանում, Նոյեմբերյանում (4 բալ), Չորաթանում (3-4 բալ), Այգեձորում (4-5 բալ):