12 հունվարի 2016 - 11:59 AMT
Արցախում խոզի գրիպի 3 դեպք է գրանցվել

Արցախում Խոզի գրիպի (սեզոնային գրիպի A տիպի H1N1 ենթատեսակի) առկայությունը պարզելու նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիա հետազոտման ուղարկված, հոսպիտալացված 10 հիվանդից վերցված փորձանմուշներից 3-ի արդյունքները դրական են եղել, այսինքն հաստատվել է հիվանդության առկայությունը։

Այդ մասին տեղեկացրել է ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ, համաճարակաբան Կարինե Բալայանը՝ հավելելով, որ սեզոնային գրիպի A տիպի H1N1 ենթատեսակի առկայությունը հաստատվել է 0-18 տարեկան 3 երեխայի մոտ, ովքեր երկու օր առաջ արդեն առողջացած դուրս են գրվել, գրում է «Արցախպրես»-ը։

Բալայանի խոսքով, բուժկանխարգելիչ հիմնարկներն ապահովված են անհրաժեշտ քանակի դեղամիջոցներով, միանգամյա օգտագործման դեղորայքով, ձեռնոցներով, դիմակներով, ախտահանիչ նյութերով և լուծույթներով: Բացի այդ, համապատասխան բուժաշխատողներն այս շաբաթվանից սկսել են բակային շրջայցեր իրականացնել՝ վերին շնչուղիների սուր վարակների ծանր դեպքերը ժամանակին բացահայտելու և համապատասխան բուժում նշանակելու նպատակով։

Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը ԼՂՀ ԱՆ համաճարակաբանը նշել է, որ հիվանդության ախտանշաններն են գլխացավ, մկանացավ, ջերմություն՝ մինչև 38°, հազ, թուլություն, հարբուխ կամ քթի խցանում, հեղձուկ, երբեմն քթից արյունահոսություն: Կարինե Բալայանը խորհուրդ է տալիս սուր շնչառական վարակներից և դրանց հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության և ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել:

ԼՂՀ առողջապահության նախարարի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեզոնային գրիպի և սուր շնչառական վարակիչ հիվանդությունների ներկրման և հետագա տարածման կանխարգելման միջոցառումների մասին» հրամանի համաձայն իրականացվում է ամենօրյա մշտադիտարկում, կազմակերպվում են համալիր միջոցառումներ բուժսպասարկման բոլոր օղակներում, ինչպես նաև նախադպրոցական և հանրակրթական կազմակերպություններում:

Արցախում համաճարակաբանական իրավիճակը լարված չէ : 2016թ. հունվարի 11-ին դրությամբ ամբուլատոր և պոլիկլինիկական հաստատություններ են դիմել 332 -ը, որոնցից 275-ը մինչև 18 տարեկան են, հոսպիտալացվել է 54 հիվանդ, այդ թվում 32-ը մինչև 18 տարեկան: Իսկ հոսպիտալացված հիվանդներից 21-ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել:

Հայաստանում խոզի գրիպի հետևանքով առաջացած բարդացումների պատճառով մահվան ելքերի թիվը հասել է վեցի: Երեք հիվանդ մահացել է 2015-ի դեկտեմբերին, երեքը` 2016-ին: Մահացած բոլոր 3 ՀՀ քաղաքացու մոտ եղել են բարդացած դեպքեր կամ ուշ են դիմել բժիշկներին, կամ վիրուսը համակցված է եղել տուժածների ներքին այլ հիվանդությունների հետ:

ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը հունվարի 11-ին հայտարարել է, որՀայաստանում սուր-շնչառական հիվանդությունների, գրիպի H1N1 վիրուսի, թոքաբորբերի համաճարակ չկա, կա սուր շնչառական հիվանդությունների և գրիպի սեզոնային բարձրացում, գրում է Panorama.am-ը:

Հունվարի 11-ի դրությամբ սուր-շնչառական վիրուսով հիվանդների թիվը 855-ն է. նրանցից 170-ի մոտ է հաստատվել H1N1 վիրուսը:

Վերակենդանացման բաժանմունքներում ներկայումս բուժում ստանում է սուր-շնչառական հիվանդություններով վարակված 77 քաղաքացի, որից 11-ը միացված են արհեստական շնչառության սարքին։11-ից 4-ի մոտ հայտնաբերվել է H1N1 վիրուս, իսկ մյուսների մոտ այդ վիրուսը չի հայտնաբերվել: