12 հունվարի 2016 - 14:54 AMT
ՀՀ-ն կնախագահի Եվրոպական աէրոնավիգացիայի անվտանգության գործակալության մշտական հանձնաժողովում

2016-ին Հայաստանը նախագահելու է Եվրոպական աէրոնավիգացիայի անվտանգության գործակալության (Eurocontrol) կազմակերպության մշտական հանձնաժողովում: Այս մասին լրագրողներին հայտնել է Eurocontrol-ի գլխավոր տնօրեն Ֆրանկ Բրենները:

Նրա խոսքով՝ մշտական հանձնաժողովի նախագահությունը վարելու է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:

«Կարծում եմ, որ մենք կունենանք մոտ գործակցություն՝ ընդհանուր խնդիրների լուծման հարցում»,- նշել է Բրենները:

Նա տեղեկացրել է նաև, որ կազմակերպությունն ունի 41 անդամ-պետություն, որի կառավարման հիմնական գործիքները գտնվում են այդ պետությունների կառավարությունների ձեռքում: Այս տարի կլրանա Հայաստանի անդամակցության տասնամյակը:

«Հայաստանը գրանցել է մեծ առաջընթաց, որի արդյունքում զգալիորեն բարելավվել են օդային երթևեկության անվտանգության սպասարկման գործառույթները: Մենք այսօր հայտնում ենք մեր գոհունակությունը գործակցության վերաբերյալ», - ասել է Eurocontrol-ի գլխավոր տնօրենը, գրում է Tert.am-ը:

Բրենների խոսքով՝ կազմակերպությունն օրական իրականացնում է 41 անդամի օդային տարածքներում 31 հազար չվերթ, որը գնալով աճելու է:

«Հաշվի առնելով օդային փոխադրումների հնարավոր աճի միտումները, որոնք լինելու են հիմնականում ասիական ուղղությամբ, սա խոսում է այն մասին, որ Հայաստանի օդային տարածքում թռիչքային փոխադրումների ծավալներն անպայման աճելու են»,- նշել է Eurocontrol-ի գլխավոր տնօրենը:

Հունվարի 11-ին Eurocontrol-ը Հայաստանի ՔԱԳՎ-ի հետ ստորագրել է համաձայնագիր, որը ուղղված է ՀՀ աէրոնավիգացիոն ոլորտի իրավական օրենսդրական դաշտի բարելավմանը, ինչը նպաստելու է հետագա անվտանգ աշխատանքին:

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ (ՔԱԳՎ) Արտյոմ Մովսեսյանը կրագրողների տեղեկացրել է, որ գործակցության համաձայնագրի շնորհիվ Հայաստանին երեք տարի անընդմեջ տարեկան շուրջ 50 անվճար օր կտրամադրվի թռիչքային ոլորտում ցանկացած խնդրի լուծման համար, դա կլինի՝ փաստաթղթերի պատրաստում, վերլուծությունների կատարում և այլն: