12 հունվարի 2016 - 17:18 AMT
Թուրքիան Ստամբուլի պայթյունի մեջ ԻՊ-ին է կասկածում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում որոտացած պայթյունն իրագործել է սիրիացի մահապարտ-ահաբեկիչը:

Թուրքական իշխանությունների տվյալներով` ահաբեկչությունը, որին պաշտոնապես զոհ է գնացել 10 մարդ, կարող է կազմակերպված լինել «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից:

Հունվարի 12-ին հզոր պայթյուն է որոտացել Ստամբուլի կենտրոնում` Սուլթանահմեդ թաղամասում, հայտնում է NTV հեռուստաալիքը իրադարձությունների վայրից: Քաղաքի իշխանությունները հայտնել են 10 զոհի և 15 վիրավորի մասին:

Պայթյունը Ստամբուլի կենտրոնում մահապարտ ահաբեկչի գործողության հետևանք է: Ըստ տեղի ԶԼՄ-ների, նա պայթեցրել է իրեն մի խումբ օտարերկրացի զբոսաշրջիկներից ոչ հեռու:

«Ես դատապարտում եմ Ստամբուլի ահաբեկչական գործողությունը, որը գնահատվում է որպես սիրիական ծագմամբ մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյուն»,-հայտարարել է Էրդողանը Անկարայում օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, «Գազետա.ռու»-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Թուրքիան հանդիսանում է թիվ 1 թիրախը մերձավոր Արևելքի ահաբեկչական կառույցների համար: