12 հունվարի 2016 - 16:52 AMT
ՀՀ-ում խոզի գրիպից մահացածների թիվը հասել է 7-ի

Հունվարի 12-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում սուր շնչառական վարակից, մասնավորապես H1N1 վիրուսից (խոզի գրիպ) մահացել է 35-ամյա կին, որը օրեր առաջ էր տեղափոխվել ԲԿ: Այս մասին տեղեկացնում է բժշկական կենտրոնը:

Մահացած կինը Թալինից է, ով Էրեբունի է եկել արդեն ծանր վիճակում և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք, գրում է Tert.am-ը:

ՀՀ-ում արդեն 7-րդ հիվանդն է մահանում՝ H1N1 վիրուսի ախտանիշով:

Երեք հիվանդ մահացել է 2015-ի դեկտեմբերին, չորսը՝ 2016-ին: Հայտնի է, որ մահացած 3 ՀՀ քաղաքացու մոտ եղել են բարդացած դեպքեր կամ ուշ են դիմել բժիշկներին, կամ վիրուսը համակցված է եղել տուժածների ներքին այլ հիվանդությունների հետ:

Առողջապահության նախարարությունը հունվարի 12-ին հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ սուր շնչառական վարակները և այլ հիվանդություններ սկսում են նահանջել։

Հունվարի 12-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ նվազել է թոքաբորբով, այդ թվում` հղի հիվանդների թիվը։ Իջել է նաև վերակենդանացման բաժանմուքներում բուժվողների ցուցանիշը։ Առայժմ նույնն է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը երեխաների շրջանում։ Արձանագրվել է մահվան դեպք։ Մանրամասները կճշտվեն փորձաքննության արդյունքում։

ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը հունվարի 11-ին հայտարարել է, որ Հայաստանում սուր-շնչառական հիվանդությունների, գրիպի H1N1 վիրուսի, թոքաբորբերի համաճարակ չկա, կա սուր շնչառական հիվանդությունների և գրիպի սեզոնային բարձրացում:

Հունվարի 11-ի դրությամբ սուր-շնչառական վիրուսով հիվանդների թիվը 855-ն է. նրանցից 170-ի մոտ է հաստատվել H1N1 վիրուսը:

Վերակենդանացման բաժանմունքներում ներկայումս բուժում ստանում է սուր-շնչառական հիվանդություններով վարակված 77 քաղաքացի, որից 11-ը միացված են արհեստական շնչառության սարքին։11-ից 4-ի մոտ հայտնաբերվել է H1N1 վիրուս, իսկ մյուսների մոտ այդ վիրուսը չի հայտնաբերվել:

Նախարարությունը հորդորում է գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ:

Կարդացեք նաև՝ Արցախում խոզի գրիպի 3 դեպք է գրանցվել