12 հունվարի 2016 - 17:26 AMT
ՀՀ օմբուդսմենը հրաժարական է տվել

Հունվարի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է օմբուդսմենի ֆեյսբուքյան էջը:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հուսով է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը:

Նշվում է, որ այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու:

Կարեն Անդրեասյանը անցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունների կատարմանը 2011-ի մարտի 3-ից:

Իրավաբանական գիտությունների թեկնածու‚ Երևանի պետական համալսարանի դոցենտ և ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Անդրեասյանը ծնվել է 1977-ին:

1994–2002-ին Կ. Անդրեասյանը սովորել և մասնագիտացել է մի շարք հաստատություններում‚ այդ թվում` Երևանի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետում և նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում‚ ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բերկլիի Համալսարանում‚ Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի Համալսարանում‚ Մարդու իրավունքների կանադական կենտրոնում‚ Նիդերլանդների եվրոպական լրագրության կենտրոնում:

1997-2000-ին աշխատել է ՀՀ պետական մի շարք մարմիններում` Երևանի քաղաքապետարանում‚ ՀՀ պաշտպանության նախարարությունում‚ առաջին ատյանի դատարանում‚ ինչպես նաև դասավանդել է մարդու իրավունքներ և վարչական իրավունք թիվ 120 միջնակարգ դպրոցում և ՀՀ Ոստիկանության ակադեմիայում:

2001-2007-ին դասավանդել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

2001-2003-ին նա համատեղությամբ աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում‚ այդ թվում` ՀՀ իրավաբանների միության անվճար իրավական օգնության կենտրոնում /որպես տնօրեն/‚ «Քաղաքացիական կրթության ծրագիր» միջազգային կազմակերպությունում /որպես ծրագրի համակարգող/‚ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունում /որպես իրավաբան/: Նշված ժամանակաշրջանում նաև դասավանդել է մարդու իրավունքներ Աբխազիայում‚ Հարավային Օսիայում և Ղարաբաղում անցկացված լրագրողների համար նախատեսված սեմինարներին:

2003-ին նա աշխատել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սոցիոլոգիական և իրավական հետազոտությունների կենտրոնում` որպես ավագ գիտաշխատող:

2003-2004-ին‚ որպես միջազգային փորձագետ և խորհրդատու` աշխատել է Մեծ Բրիտանիայում գտնվող «Հոդված 19» միջազգային կազմակերպությունում‚ Հունգարիայում տեղակայված «Բաց Հասարակության իրավական նախաձեռնություն» միջազգային կազմակերպությունում‚ Բուլղարիայի «Տեղեկատվության մատչելիություն» կազմակերպությունում:

2005-2008-ին աշխատել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունում` որպես իրավաբան‚ հետո գլխավոր իրավաբան‚ այնուհետև փոխտնօրեն:

2006-2007-ին համատեղությամբ աշխատել է որպես ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական:

2008-2011-ին «ԴԻՖԵՆՍ» իրավաբանական ընկերության տնօրենն էր:

2007-2010-ին իրականացրել է մի շարք հեռուստատեսային և հասարակական նախագծեր‚ այդ թվում` Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է տեղեկատվական իրավունքի և հետաքննական լրագրության բուհական մրցույթ լրագրող և իրավաբան ուսանողների համար‚ վարել է «Երկրի թեմա» հաղորդաշարը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում‚ «Իրականում» հաղորդաշարը` «Արմենիա» հեռուստաընկերությունում:

Անդրեասյանը մոտ քսան հրապարակված գիտական հոդվածների‚ ուսումնական ձեռնարկների և այլ աշխատությունների հեղինակ է: Ամուսնացած է‚ ունի երեք երեխա: