13 հունվարի 2016 - 12:59 AMT
Թուրքիայում Դերսիմի ջարդերից փրկված հայերի մասին գիրք է հրատարակվել

Թուրքիայում լույս է տեսել «Քահանայի թոռները. Դերսիմի հայերը- 1» գիրքը: Գրքի հեղինակ Քյազըմ Գյունդողանը փորձում է գտնել թե՛ 1895-ի կոտորածների, թե՛ 1915-ի Հայոց ցեղասպանության ընթացքում իրենց ունեցվածքը, լեզուն, կրոնն ու մշակույթը կորցրած, իրենց հողերից արտաքսված հայերի պատմությունը:

Այս գիրքը ներկայացնում է 1937-1938-ին Դերսիմի ջարդերից փրկված Վանք և Զիմեք գյուղերի քրիստոնյա հայերի պատմությունները:

Դերսիմի հայերի մի մասը գուցե փրկվում է, սակայն իր ունեցվածքը, հավատքն ու սոցիալական կարգավիճակն է կորցնում։ Ջարդերից փրկված հայերը Դերսիմի տարբեր աշիրայությունների մոտ գոյության պայքար են մղում, Bolsohays.com-ին հղումով գրում է Tert.am-ը:

1915-ջարդերից հետո Դերսիմում իրենց գոյությունը շարունակած հայերի պաշտամունքի միակ վայրը՝ Հալվորի Սուրբ Կարապետ վանքը, ռմբակոծվում է այդ ժամանակ:

Աշխատության հեղինակը հանդիպել, լսել ու գրի է առել փրկվածների պատմությունները, որոնք պատմել են ջարդերից առաջ իրենց կյանքի, ջարդերի, աքսորի, բռնի թուրքացման, իսլամացման ու ալևիացման մասին իրենց հիշողությունները: