13 հունվարի 2016 - 17:20 AMT
ՖԻՖԱ-ն ազատել է աշխատանքից գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին

Ժերոմ Վալկեն ազատվել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) գլխավոր քարտուղարի պաշտոնից, հայտնում է BBC-ին:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի քննչական բաժինը խորհուրդ էր տվել 9 տարի ժամկետով հեռացնել Վալկեին ֆուտբոլի ասպարեզում աշխատանքից: 2015-ի սեպտեմբերին Վալկեն արդեն 90 օրով հեռացվել էր ֆուտբոլային գործունեությունից: 2016-ի հունվարի 6-ին այդ ժամկետը երկարացվեց ևս 45 օրով:

2015-ի աշնանը ՖԻՖԱ-ին հայտնի դարձավ, որ Վալկեն կարող է առնչություն ունենալ Բրազիլիայի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ուռճացված գներով տոմսերի իրացմանը:

Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները կասկածում են, որ 2008-ին Վալկեն կարող էր 10 մլն դոլար փոխանցել կազմակերպության հաշիվներից ՖԻՖԱ նախկին փոխնախագահ Ջեկ Ուորների հաշվեհամարին, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ:

Ինքը Վալկեն հերքում է տոմսերի վաճառքի ապօրինի սխեմաներին իր առնչության վերաբերյալ մեղադրանքները:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Յոզեֆ Բլատերը և Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) ղեկավար Միշել Պլատինին 8 տարով հեռացվեցին ֆուտբոլային գործունեությունից: Պլատինին նաև տուգանվել է 80 հազար շվեյցարական ֆրանկով: Հոկտեմբերի սկզբին ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն հետաքննության շրջանակում որոշել էր հեռացնել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին և Պլատինիին զբաղեցրած պաշտոններից և ցանկացած ֆուտբոլային գործունեությունից 90 օրով` որակազրկումը երկարացնելու հնարավորությամբ, բայց ոչ ավելի, քան 45 օրով: Բլատերին կասկածում էին 2011-ին ապօրինաբար 2 մլն շվեյցարական ֆրանկ Պլատինիին փոխանցելու մեջ` իբր 1999-2002-ին կատարած աշխատանքի դիմաց: